03 12 2021

«Օմիկրոն»-ը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը

«Օմիկրոն»-ը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը

2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին: Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 Ըստ ԱՆ-ի՝ այս պահին պարզ չէ՝ «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած, Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը:

 «Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է «Օմիկրոն» տարբերակով, թե՞ այլ գործոններով:

 COVID-19-ի հարուցչի բոլոր տարբերակները, ներառյալ ամբողջ աշխարհում գերիշխող «Դելտա»-ն, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան՝ հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։ «Օմիկրոնը» կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ, պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:

 Պայմանավորված այն հանգամանքով, որ «Օմիկրոն» տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում' ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենոմային սեկվենավորման գործընթացը:

 Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել COVID-19-ի հարուցչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և գիտական մոտեցմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:

 Առողջապահության նախարարությունը հետամուտ է առողջապահական միջազգային կառույցների` COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա:

Պետք է հաշվի առնել, որ ներկայացվող տվյալները ենթական են փոփոխման` պայմանավորված ի հայտ եկող նոր հանգամանքներով», - ասված է ԱՆ հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ