Ս.թ. նոյեմբերի 25-ին «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը: Արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12,351,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի ծառայությունից:
«Այս հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքերը:
ՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա»,- նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը