12 08 2020

«Հայաստան» հիմնադրամում լիբանանահայերին օգնելու համար հավաքվել է 195 հազար դոլար

«Հայաստան» հիմնադրամում լիբանանահայերին օգնելու համար հավաքվել է 195 հազար դոլար

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար:  Այս մասին առցանց քննարկման ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Պայթյունից օրեր անց հիմնադրամում ստեղծվեց հաշվեհամար, որտեղ արդեն 195 հազար դոլարից ավելի գումար ունենք հավաքված: Հայաստանի ներսում տարբեր բիզնեսներ և բանկային համակարգը սատար կանգնեցին մեզ և գումարներ փոխանցեցին հիմնադրամի հաշվեհամարներին»,- ասաց Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում բնակություն հաստատելու ցանկություն կհայտնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշամյանն ասաց առցանց քննարկման ընթացքում:

«Եթե Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներից որևէ մեկը կցանկանա բնակություն հաստատել Արցախում, ես անձամբ այդ հարցը կլուծեմ»,- ասաց Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր Լիբանանից Արցախ տեղափոխվելու ցանկություն հայտնողներին բոլոր պայմաններով ապահովելու պատրաստակամության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ