Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հանգանակել է 5 մլն ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար և կրկնապատկել է այն՝ ավելացնելով 5 մլն ԱՄՆ դոլար՝ հայտարարված վերջնաժամկետից շաբաթներ առաջ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:
«#Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի նպատակն էր վեց շաբաթվա ընթացքում Արցախի և Հայաստանի համար 5մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ հավաքելը, և ՀԲԸՄ-ը պարտավորություն էր ստանձնել կրկնապատկելու ստացված գումարը մինչև 5 մլն դոլարը։ Սակայն հայկական աշխարհի տարբեր անկյուններից ստացված արագ և մեծաքանակ նվիրատվությունների շնորհիվ նշաձողին հասանք 4 օրվա ընթացքում, ինչի հետևանքով դրամահավաքի կրկնապատկման բաղադրիչը ավարտվեց հոկտեմբերի 9-ի կեսգիշերին։
Այս պահին հավաքվել է 5 400 000 ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ը իր կողմից ավելացրել է 5 000 000 ԱՄՆ դոլար և 10 400 000 ԱՄՆ դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ստացված նոր նվիրատվությունները ևս կփոխանցվեն հիմնադրամին, սակայն արդեն չեն կրկնապատկվի:
Այս նախաձեռնության արդյունքում հավաքված գումարները ուղղվելու են քաղաքացիական բնակչության կենսական կարիքների ապահովմանը, մարդասիրական օգնության և կյանքեր փրկող շտապ օգնության սարքավորումների ձեռքբերմանը:
-Զանգվածային օգնության այս ակնթարթային և բնական արձագանքը հզոր և սրտագին ուղերձ է վտանգի տակ գտնվողներին և այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամները պաշտպանում են իրենց ազգն ու հայրենիքի սահմանները: Այդ ուղերձն է՝ «Դուք մենակ չե՛ք, մենք ոտքի ենք կագնում իբրև մեկ ՀԱՅ ԱԶԳ»,- ասում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արձագանքելով լուրին, նշել է․ «Խոսքեր չենք գտնում մեր շնորհակալությունը հայտնելու ՀԲԸՄ-ին՝ սեփական միջոցների հաշվին այս նվիրատվությունների կրկնապատկման նախաձեռնության, ինչպես նաև իր աշխարհասփյուռ հաղորդակցության զինանոցը գործի դնելու հետևանքով հին ու նոր, մոտիկ և հեռու նվիրատուների հետ գերարագ կապ հաստատելու համար։
Արցախում և Հայաստանում մարդասիրական օգնությունը շարունակելու նպատակով առաջին անգամ կամ նորից նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները կատարել himnadram.org կամ agbu.org/aid4artsakh կայքերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը