26 11 2021

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։ Նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են մասնակցելու հոգաբարձուների խորհրդի նիստին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության զեկույցն է, որը չի ենթադրում փաստաթղթի հաստատում խորհրդի կողմից:  

Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի կայանալիք նիստում»: 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարություն էր տարածել, որում նախագահը նշում էր, որ  որոշում է կայացրել չմասնակցել ս.թ. նոյեմբերի 27-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված  է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը:

«Հաշվի առնելով Ազգային Ժողովում այդ հարցով ստեղծված և այդ փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը, գրություն եմ ուղարկել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ օրակարգի այդ հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով, որին արձագանք այդպես էլ չի եղել»,– նշել էր Ռոբերտ Քոչարյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ