Pegasus-ը լրտեսական ծրագիր է՝ արտադրված իսրայելական տեխնոլոգիական NSO Group ընկերության կողմից: Այն վաճառվում է աշխարհի տարբեր երկրների իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին, որոնք դրա օգնությամբ ընտրում են թիրախը և վարակում նրա հեռախոսը:
Երբ Pegasus-ը հայտնվում է հեռախոսում, այն արդեն դադարում է ձերը լինել, գրում է Роскомсвобода-ն:
Ի տարբերություն սովորական զենքի, որն ընկնում է տարբեր միջազգային օրենքների ազդեցության տակ, կիբերզենքի վաճառքը ներկայումս ոչ մի կերպ չի կարգավորվում: Ստուգումների մեծ մասն այսօր իրականացվում է ազգային մակարդակով։
NSO-ն պնդում է, որ իր հաճախորդների ճնշող մեծամասնությունը եվրոպական երկրներն են: Սակայն դա երբեք չի հաստատվել, քանի որ ընկերությունը չի հրապարակում հաճախորդների ցուցակները, իսկ երկրները լռում են այդ մասին։
Նշվում է, որ Pegasus-ը ներգրավված է եղել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանության, Մեքսիկայում քաղաքական բարեփոխումների կողմնակից գիտնականների եւ ակտիվիստների վրա հարձակման եւ Կատալոնիայի անջատողական քաղաքական գործիչներին Իսպանիայի կառավարության կողմօց լրտեսման գործում: Մեքսիկայի եւ Իսպանիայի իշխանությունները հերքում են Pegasus-ի կիրառման փաստը, սակայն առկա են դա հաստատող մի շարք ապացույցներ:
Սովորաբար ընկերությունը լռում է՝ մեղադրանքներին ի պատասխան։ Սակայն 2019 թվականին նրա նոր սեփականատերերը որոշել են դուրս գալ ստվերից։ NSO-ն վարձել է հասարակայնության հետ կապերի էլիտար մասնագետներ, մշակել է մարդու իրավունքների ոլորտում նոր քաղաքականություն եւ ինքնակառավարման մասին նոր փաստաթղթեր:
«Մենք հասկանում ենք գործիքի ուժը եւ դրա սխալ օգտագործման հետեւանքները:
Մենք փորձում ենք ճիշտ բաներ անել։ Սա ընկերության կողմից Մարդու իրավունքների խախտման դասական դեպք չէ, քանի որ մենք չենք կառավարում համակարգերը եւ չենք մասնակցում դրանց գործողություններին, բայց մենք հասկանում ենք, որ հաճախորդների կողմից դրանց չարաշահման լուրջ ռիսկ կա: Մենք փորձում ենք հավասարակշռություն գտնել»,- նշում է ընկերության գլխավոր իրավաբան Շմուել Սանեյը:
Սա NSO-ի հիմնական փաստարկն է.ընկերությունը հանդիսանում է այդ տեխնոլոգիայի ստեղծողը, որն օգտագործում են կառավարությունները, սակայն ինքը չի օգտագործում այն ի վնաս որևէ մեկի, ուստի պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար:
«Անկասկած, ցանկացած պետություն իրավունք ունի ձեռք բերել այդ տեխնոլոգիան հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի համար»,-ասում է Amnesty International-ի փոխտնօրեն Դաննա Ինգլթոնը:
«Պետությունները կարող են օրինական օգտագործել այդ գործիքները։ Բայց նման համակարգերը պետք է ուղեկցվեն կարգավորմամբ, որը կապահովի դրանց հաշվետվողականությունը և կկանխի չարաշահումները»,- եզրափակել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը