Լրագրող Որսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տավուշի մարզպետարանի շենքի առաջին հարկում տեղադրվել է արգելափակոց, որը փակում է քաղաքացիների մուտքը դեպի մարզպետարարանի աշխատասենյակներ։ Մարզպետարանի աշխատակցուհին հայտնեց, որ այդ արգելափակոցը տեղադրվել է երեք շաբաթ առաջ։ Քաղաքացիների մարզպետարան այցելությունների ժամանակ մարզպետարանի աշխատակիցը հարցնում է, թե մարզպետարան եկած քաղաքացին ո՞ւմ մոտ է գնում, կապվում է մարզպետարանի այդ աշխատողի հետ եւ վերջինիս է կախված՝ քաղաքացին ընդունելություն է գտնում մարզպետարանի աշխատակցի մոտ, թե՝ ոչ։ Տավուշի մարզպետարանը գործում է 1996թ․ փետրվարի 19-ից, եւ անցած ավելի քան 25 տարում նման արգելափակոց չի եղել։ Տավուշի մարզպետն է 2021թ․ ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնին նշանակված, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վարչապետ դառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի դարպասներն էր բացել քաղաքացիների համար, սակայն հիմա ուժեղացրել է խորհրդարանի, կառավարության շենքերի պաշտպանությունը։ Նրա հարսանիքի քավոր Տավուշի մարզպետն էլ իր հերթին մարզպետարանում նորամուծություն է արել։ Ի դեպ, մարզպետարանի շենքի մուտքին թուղթ է փակցված, որին գրված է, որ մարզպետարանի մուտքը՝միայն դիմակներով։ Սակայն նոյեմբերի 8-ին լինելով Տավուշի մարզպետարանի շենքում՝ տեսա, որ մարզպետարանի շատ աշխատակիցներ առանց դիմակների, կամ՝ դեմքից իջեցրած դիմակներով էին այդ շենքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը