Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով բանակին՝ ասում է․ «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, և մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել` որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում։ Պրոֆեսիոնալ բանակի, որի գործունեությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա։ Մենք Կառավարության ծրագրում արձանագրել ենք, որ Հայաստանը որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն Հայաստանի Հանրապետության տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից։ Սա է մեր նպատակը»։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը մտադրություն ուներ փակելու Շուշիի թեման։ Ադրբեջանը կապիտուլյացիայի արդյունքում տիրացավ ոչ միայն ազատագրված 7 շրջաններին, այլև ԼՂԻՄ մաս հանդիսացող շրջանների, որոնց թվում՝ Շուշիին ու Հադրութին։ Եվ հիմա Փաշինյանը հայտարարում է, թե մեր բանակը հետայսու միայն պաշտպանվելու է և մտադիր չէ որևէ տարածք վերցնել։ Փաշինյանի օրակարգում Շուշիի վերադարձ չկա։
Ի դեպ, Փաշինյանը մի քանի անգամ հակասական հայտարարություններ արեց իր բացած «խաղաղության օրակարգի» վերաբերյալ։
Նախ ասում է, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարը, մեկ տարվա ընթացքում ընդամենը 5-6 օր է անցել առանց հրադադարի խախտման։ Հետո ադնրադառնում է ընդդիմության քննադատությանը իր խաղաղության օրակարգին և ասում՝ այո, խաղաղության դարաշրջան է ուզում բացել։ Հետո ասում է, որ խաղաղության դարաշրջանի բացումը մեզանից կախված չէ, այլ՝ պոտենցյալ շահառուներից։
Ստացվում է՝ Փաշինյանը մի գործընթաց է ուզում սկսել, որի վրա ազդել բոլորովին չի կարող։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը