Yerkir.am-ի հավաստի աղբյուրների հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, որը հայտնի է Աբարանցի Ռազ անունով, լինելով ընդամենը մի քանի օրվա նշանակված մարզպետ, արդեն իր մոտ է հրավիրում մարզի դպրոցների տնօրեններին, գյուղապետերին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին և, կիրառելով վարչական ճնշում, ստիպում նրանց, ձայն հավաքելուց բացի, մտնել ՔՊ-ի ցուցակը և դառնալ ավագանու թեկնածու։
Աբարանցի Ռազը հատկապես կենտրոնացել է դպրոցների կին տնօրենների վրա, քանի որ ոչ ոք չի համաձայնում իշխանական թևի՝ ավագանու թեկնածու դառնալ, այդ պատճառով էլ կին տնօրենները դարձել են ՔՊ-ի միակ թիրախն ու հույսը։
Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն ավելի կեղտոտ ձևով են օգտագործում իշխանական լծակներն ու վարչական մեքենան։ Ռազմիկ Պետրոսյանը նաև սպառնացել է աշխատանքից ազատել նրանց, ովքեր չեն համաձայնի լրացնել ՔՊ ցուցակը։ Նրա ճնշմամբ՝ շուտով ավագանու թեկնածուներ կդառնան շատ ու շատ դպրոցների տնօրեններ, վարչական աշխատողներ։ Սա այն գինն է, որը Աբարանցի Ռազը պիտի վճարի Նիկոլին՝ մարզպետ դառնալու դիմաց։
Հարցին, թե կա՞ն, արդյոք, որոշակի ապացույցներ, մեր աղբյուրը պատասխանեց, որ ապացույցը լինելու են ՔՊ-ի ցուցակները՝ «ողողված» տնօրեններով, ուսուցիչներով ու համայնքային աշխատողներով։
Հրավիրում ենք իրավապահ մարմինների և ՄԻՊ-ի ուշադրությունը, քանի որ բացահայտորեն տեղի են ունենում մարդու իրավունքների խախտում և կոռուպցիայի դրսևորում` նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու տեսքով:
Հիշեցնենք, որ Փաշինյանը դեռևս 2020 թ. հոկտեմբերի վերջին՝ ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ Ռազմիկ Պետրոսյանն էր։ Նա նաև հայտնի է որպես կարկառուն «լևոնական», նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում (2020 թ. նոյեմբերի 25-ին դավադրաբար հանձնվեց թշնամուն) և ՀՀ-ում ունի բիզնեսներ, եղել է նաև «Ապարան» ջոկատի հրամանատարը:
Հենց Աբարանցի Ռազն էր, որը 2020 թ. նոյեմբերի 18-ին, երբ ամբողջ գիտակից հանրությունը պահանջում էր կապիտուլյանտ Փաշինյանի հրաժարականը, կրկին կիրառելով վարչական ռեսուրսը, Հանրապետության հրապարակ էր բերել Փաշինյանին սատարող փոքրաթիվ աշխարազորայինների և այլոց:
Փաստորեն, Աբարանցի Ռազի՝ Արցախը թշնամուն հանձնած, իսկ ՀՀ-ն անդունդի եզրին հասցրած Փաշինյանին մատուցած ծառայություններն անհետևանք չեն մնում, և նա, հայրենադավ խունտային օգնելով, գրավում է առավել յուղալի պաշտոններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը