«Հոկտեմբերի 27-ի դեպքերը պետք է ամբողջությամբ վերլուծվի մեր պետականության տեսանկյունից, թե ի՞նչ անել, որ բացառել նման դեպքերը»,- ԱԺ-ի դիմաց բացված Հոկտեմբերի 27-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով միջադեպի կազմակերպման մեջ տարբեր քաղաքական գործիչներին մեղադրելու փորձերին:
Շարունակելով օրվա թեմայի վերաբերյալ իր խոսքը խմբակցության քարտուղարն ընդգծեց․
«Ներկայիս մարտահրավերները, Արցախի և Հայաստանի հետ կատարվողը վկայում է, որ ամենայն հավանականությամբ խորքային վերլուծության կարիք ունեն Հոկտեմբերի 27-ի և նման երևույթների օտարածին դրսևորումները»,- ասաց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը պատահական չհամարեց, որ բազմաթիվ վերլուծություններում Հոկտեմբերի 27-ի գործընթացում շոշափվում է Թուրքիայի կամ այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարությունը, որոնք շատ ավելի լուրջ վերլուծություններ են պահանջում, քան ինչ-որ մի քանի արկածախնդիրների հայտարարությունները:
Նկատելով, որ Գագիկ Ջհանգիրյանը եղել է հոկտեմբերի 27-ի գործը քննող դատախազն, ունեցել է բոլոր լիազորությունները, երկրի վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայրն է եղել, իսկ այսօրվա ԱԺ պաշտպանության և անվտանգությանն հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այդ օրերի գործողությունները բոլորին են հայտնի՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարը հարց հնչեցրեց, թե ի՞նչն էր խանգարում, որ նրանք ունենալով այդ բոլոր հնարավորությունները և եթե մեղսակից չեն անգործության մեջ, կարողանային հստակ պատասխան տալ հարցերին, թե ինչո՞ւ չեն բացահայտվել կազմակերպիչները, եթե նմանները կան:
«Սին և չհիմնավորված պնդումներ միշտ բերում են դավադրական տեսությունների ձևավորմանը»,-նկատեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը