Yerevan.Today-ին ահազանգել են այն մասին, որ Արցախում իրենց տները կորցրած և այժմ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հյուրանոցի շենքում բնակվող արցախցիները (ավելի քան 40 ընտանիք) արդեն չորրոդ օրն է՝ հոսանք չունեն:
Նշենք, որ խոսքը մեծամասամբ բազմազավակ ընտանիքների մասին է: Տեղահանված արցախցիներին հստակ չեն հայտնում անգամ, թե մինչ այժմ ով է զբաղվել կոմունալ վճարումներով. մի քանի տարբերակներ են հնչել՝ «Արևածագ» ընկերությունը, ՄԱԿ-ը, Արցախի իշխանությունները:
Հայտնի է նաև, որ յուրաքանչյուր չափահաս արցախցու, որը չի բնակվում հյուրանոցի շենքում, տրամադրվում էր երեսուն հազարական դրամ, իսկ շենքում բնակվողներին այդ գումարները չեն տրամադրվել և ուղղվել կոմունալ վճարումներին:
Մեծամորի քաղաքապետարանը նրանց առաջարկել է ցույց կազմակերպել Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ հայտարարելով, որ իրենք ոչնչով չեն կարող աջակցել խնդրի լուծմանը և գումարը պետք է փոխանցեր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Մեզ հայտնեցին նաև, որ հյուրանոցի շենքի վերանորոգմամբ զբաղվել են անհատ բարերարներ՝ իրենց անձնական գումարների և դրամահավաքների միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը