14 10 2021

Ինչո՞վ էին նշանակալից հոգևոր առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումներում Վեհափառի հրապարակային խոսքը

Ինչո՞վ էին նշանակալից հոգևոր առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումներում Վեհափառի  հրապարակային խոսքը

Ինչո՞վ էին նշանակալից հոգևոր առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումներում Վեհափառ Տիրոջ հրապարակային խոսքը և քննարկման արդյունքները: Մի պահ կտրվենք, հատկապես, սոցիալական ցանցերում, երրորդական ներքին իրական և արհեստածին խնդիրները իբր լուծելու, քաղաքական կամ զուտ անձնական հակառակորդներին լռեցնելու գայթակղությունից, և փորձենք տեսնել, թե մեր ժողովրդին բաժին հասած աղետալի պատերազմը՝ Ալիևի գլխավորությամբ ադրբեջանական քարոզչամեքենան աշխարհին ինչպես է հրամցնում:Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը.

«Անմիջապես, պարզ կդառնա, որ միջազգային բարձր հարթակներում խիստ անհրաժեշտ է, որպեսզի Երկիրը ներկայացնող հիրավի հեղինակություն վայելող գործիչները ի ցույց դնեն ցավալիորեն ձևավորված հակահայկական թեզերի սնանկությունը և լրջագույն, համոզիչ փաստարկներով առաջադրեն խիստ արդիական մոտեցումներ: Այսօր Ալիևն այն աստիճան է նենգափոխում իրականությունը, որ պնդում է, թե իբր Հայաստանն է սանձազերծել պատերազմը, իսկ ինքը միայնակ հաղթանակ է տոնել: Այս գործիչը հետևողականորեն իրենից հերոս է կերտում, որպեսզի ողջ աշխարհին հավատացնի, թե իբր այս պատերազմի հետ Թուրքիան, մի շարք այլ պետություններն ու վարձկան ահաբեկիչները որևէ կապ չունեն, ինքն է ու ինքը: Հընթացս, զուտ կյանքի, ապրելու համար ազատագրական պայքար մղած հայ ազգին ներկայացնում է իբրև ֆաշիստների, որոնք, իր խոսքերով, ամեն ինչ արել են. «… ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար»: Այս և նմանաբնույթ հոխորտանքը շատերը պարզապես անհեթեթություն կորակեն, սակայն գործնականում, ցավոք, սա գրեթե անշրջելի հակահայկական գործոն է դառնում, հընթացս ողջ մուսուլմանական աշխարհին հանիրավի տրամադրելով մեր դեմ:

Ստորև հրապարակեմ միայն մի փոքր հատված Վեհափառ Տիրոջ խոսքից.

«… Ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել և խաղաղություն հաստատվել,

- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով,

- քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,

- քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,

- քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,

- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,

- քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (Մոսկվա, 13.10.2021)»:

Հ.Գ. Հայ Եկեղեցին հանրային իշխանության մարմին չէ, և եթե դատողություններ ենք անում այն մասին, թե ինչ կարող է անել Եկեղեցին, ապա արժե նաև պատասխանել այն հարցին, թե իսկապե՞ս վերը նշված հարցերի առնչությամբ պետք է թույլ տալ, որ գերիշխի անհիմն հակահայկական հռետորաբանությունը …»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ