14 10 2021

Ասֆալտի օլիգարխները․ 7or.am

Ասֆալտի օլիգարխները․ 7or.am

7or.am-ը գրում է․

Եթե 2018–ին փողոց դուրս եկածներին հարցնեին, թե ով է Սուրեն Պապիկյանը, ապա 10.000 մարդուց միայն մեկը երևի ճանաչեր, թե ով է նա։ Ճանաչողն էլ կա՛մ նրա բարեկամը, կա՛մ ծանոթը պետք է լիներ։

Ալեն Սիմոնյանին մի քիչ ավելի շատ կճանաչեին, բայց միայն այն պատճառով, որ էժանագին սերիալներում ու էժանագին հաղորդումներում էր երևացել։ Համ էլ՝ երբեմն բլբլացել էր եթերներում՝ օլիգարխի մոտ աշխատող «թունդ ընդդիմադիր» խմբագրի կարգավիճակում։

Նիկոլ Փաշինյանին փողոց դուրս եկողները ճանաչում էին, քանզի նրա ճղճղան ձայնը տարիներ շարունակ լսել էին։ Համ էլ՝ նա իրեն դիրքավորել էր որպես աղքատների բարեկամ աղքատ մարդ, թեև քաղաքական «տուսովկայի» մարդիկ գիտեին, որ նա լի ու լի ֆինանսավորվում է նրանցից, ում քննադատում է ու այդպիսով աղի արտասուք քամում հնդկական սերիալի սիրահարներից։

Փողոց դուրս եկողները լսել էին, թե ինչպես է նա քննադատում պետական բյուջեի թալանը, բարեկամ–ծանոթներին տրվող տենդերները, օլիգարխներին։ Լսել էին ու կարծում էին, որ եթե Սերժին մերժեն, ապա Նիկոլով այդ բոլոր խնդիրները կլուծվեն։

2018–ի «թավշյա» հեղափոխության հիմնական կոդն այն էր, որ անարդարություններ չեն լինելու, բյուջեի թալան չի լինելու, օլիգարխիա չի լինելու, իշխանության ու բիզնեսի սերտաճում չի լինելու, ծանոթով ասֆալտի տենդերներ չեն շահվելու, գործարարը պատգամավոր չի դառնալու։ Մի խոսքով, Հայաստանը դառնալու է արդարության երկիր բաց երկնքի տակ։

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը խաբում էր։ Ինչպես միշտ։

Նիկոլը ոչ թե անարդարությունների, թալանի, օլիգարխների դեմ էր պայքարում, այլ պայքարում էր, որ ինքն ու իր նեղ շրջապատն օգտվեն անարդարությունից, թալանից։ Պայքարում էր, որ ի՛ր օլիգարխներին բերի խորհրդարան, որ ինքը դառնա օլիգարխ, որ ինքը ասֆալտը փռի ու փող աշխատի։

Հեղափոխության արդյունքում ոչնչից ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը պնդում է, որ կոռուպցիոն ոչ մի ռիսկ չկա այն բանի մեջ, որ ոչնչից ԱԺ նախագահ դարձած Ալեն Սիմոնյանի եղբայրը ասֆալտի տենդեր է շահել։ Փաստորեն, նախկինում նման բաները քննադատվում էին ու կոռուպցիոն թեմաներով լալահառաչ տեքստեր արտասանվում, իսկ հիմա «հեղափոխականները» կոռուպցիոն ռիսկ չեն տեսնում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ․․․

Իհա՛րկե, չեն տեսնի։ Նրանք արդեն ասֆալտի օլիգարխներ են դարձել։ Մամուլում հրապարակումներ եղան, որից պարզ է դառնում, թե ինչպիսի սխեմաներ է ներդրել Սուրեն Պապիկյանն ու ասֆալտից փող քամելով դարձել դոլարային միլիոնատեր։ Պակաս չի «դդզվել» նաև Ալեն Սիմոնյանը, ով պատերազմում անհետ կորածների հարազատների հետ հանդիպելուց ու կոկորդիլոսի արտասուք թափելուց հետո շտապում է «մասնավոր կյանք» անցկացնել հունական թանկարժեք կղզում ու Նիկոլի աներձագի հետ տժժալ ծովափնյա դիսկոտեկներում։ Բա Սերժի վախտ ինչո՞ւ այդպիսի մասնավոր կյանք չէիք վարում ու քննադատում էիք սերժենց «մասնավոր կյանքը», հը՞, այ ով իմ «հեղափոխականներ»։ Փաստորեն, ներքուստ երազում էիք սերժանալ, բայց «հպարտ» քաղաքացիներին լրիվ ուրիշ բաներ էիք կերակրում։ Երազում էիք Բադեն–Բադեն գնալ, պլատինե ատամներ ունենալ․․․

Ու այս ամենի ֆոնին ծիծաղելի է ՀՔԾ–ի կողմից բադենբադենյան գործի քննությունը։ Բա ՀՔԾ–ն չի՞ ուզում Ալենի ու մասնագիտությամբ Նիկոլի աներձագ աշխատող Հրաչի միկոնոսյան թռիչքների պահով էլ գործ հարուցի։ «Հետախույզ» Դանիելն էլ թող փաստեր հրապարակի էդ չտես–գյոռմամիշների խմած թանկարժեք խմիչքների մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ