08 10 2021

Չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան չվերթը

Չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան չվերթը

«Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան չվերթը, որը ծրագրված էր հոկտեմբերի 8-ին ժամը 08:20-ին, չեղարկվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արմենիա» ավիաընկերությունն այս առիթով պարզաբանում է տարածել:

«Այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանում ենք, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր: Եվ անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով»,-հայտնել են ավիաընկերությունից:

Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:

Ավիաընկերությունից նշել են, որ 110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է հաջորդ չվերթների ավիատոմսով: 86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս:15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը։ 29 ուղևորների հետ ավիաընկերության աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:

Միևնույն ժամանակ ավիաընկերությունից վստահեցրել են, որ չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում են իրենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ