Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար։ Հայտարարությունում ասվում է․
«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։
Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝
1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.
2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.
3. պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.
5. Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամբ հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։
Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը