ՊՆ-ն մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել 44-օրյա պատերազմում և վերջինիս հաջորդող շրջանում (2020 թվականի սեպտեմբերի 27-դեկտեմբերի 31) զոհված հայորդիների (ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, գործող և պահեստազորի սպաներ, կամավորականներ, ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ և այլ կարգավիճակով անձինք, բացի քաղաքացիական խաղաղ բնակիչները) ամբողջական անվանացանկը (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թվական, ամիս, օր, կարգավիճակ, բնակության վայր, կոչում և այլ թույլատրելի տվյալներ):
Ինչպես և սպասելի էր՝ կառավարությունը, ի դեմս պաշտպանության նախարարության, չի տրամադրել զոհերի ամբողջական անվանացանկը. Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրությունը վերահասցեագրել է ՊՆ Արշակ Կարապետյանին, վերջինս էլ մեզ է փոխանցել ՊՆ-ի պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ 44 – օրյա պատերազմում և վերջինիս հաջորդող շրջանում զոհված հայորդիների ամբողջական անվանացանկի տրամադրման հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանման կողմից:
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակել է զանգվածային լրատվական միջոցներով: Առաջարկում ենք հիմք ընդունել նշված տեղեկատվությունը»,- նշված է ՊՆ-ի գրավոր պատասխանում:
Զոհերի հակասական թվերի լաբիրինթոսում
Նախ փաստենք, որ փաշինյանական դավադիր գործողությունների անխնա քողածածկման պայմաններում՝ զոհերի և անհետ կորածների՝ մինչ օրս բերված ամբողջական թվերը ոչ միայն հակասական են, այլև տասնյակ հարցերի տեղիք տվող:
Այսպես՝ 2021 թ. հունվարի 20-ին փոխվարչապետ Տ. Ավինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նունականացված չեն 766-ը:
Ավինյանը չհայտնեց անհետ կորածների թիվը՝ հայտնելով միայն, որ զոհերի թիվը մոտավորապես 4000-ը չի անցնելու:
Ըստ առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ 2021 թ. փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։
2021 թ. մարտի 20-ին Ն. Փաշինյանը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատերազմում հայկական կողմի՝ պաշտոնապես հաստատված (մահվան վկայականներով արձանագրված) զոհերի թիվը… 3250 է։ Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ 189 ընտանիք ԴՆԹ-թեստ է հանձնել և սպասում է պատասխանին, միաժամանակ՝ կա նաև անհետ կորածների բավական մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի։
Ընդամենը երկու օր անց՝ մարտի 22-ին, լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թ. մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն: Նույն՝ մարտի 22-ի դրությամբ՝ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ, ըստ նույն նախարարության, գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում: Ստացվում է, որ տվյալ պահին զոհերի հաստատված թիվը 4028 էր, որից 3716-ն անցել էին փորձաքննությունը, իսկ 312-ը դեռ փորձաքննության փուլում էին։
2021 թ. ապրիլի 14-ին Ն. Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց. «…այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը»:
Պատերազմի մեկնարկի տարելիցին՝ 2021 թ. սեպտեմբերի 27-ին, ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021 թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Զոհերի ամբողջական ցանկ կազմել հնարավոր չէ
Պարզորոշ է՝ վերոնկարագրյալ քաոսի պայմաններում ՊՆ-ի մերթընդմերթ հրապարակած և կիսատ-պռատ, երբեմն՝ մի շարք անճշտություններ պարունակող ցանկերից հնարավոր չէ կազմել մեկ ամբողջական ցուցակ, որը կհամարվի անթերի և կարտահայտի իրական պատկերը: Այստեղ անհնար է նաև ծավալուն այդ աշխատանքի ժամանակ բաց չթողնել մի քանի տասնյակից մինչև հարյուր զոհերի անուններ ներառող մեկ կամ մի քանի հրապարակում: Մյուս կողմից՝ մեզ համար պարզ չէ ամենևին, թե ինչու՞ պետք է մենք կատարենք այդ ահռելի աշխատանքը, եթե մեր հարկերով աշխատող պետական հիմնարկը պարտավոր է դա ունենալ և տրամադրել մեզ: Պարզ չէ նաև, թե ժամանակին հրապարակված անուններն ի՞նչ սկզբունքով են կազմվել: Փաստենք՝ այդ ցանկերում չկան այն զոհերի մեծ մասի անունները, որոնց աճյունները հայտնաբերվել են (և հայտնաբերվում են) զինադադարից հետո (ըստ սեպտեմբերի 24-ի պաշտոնական հաղորդագրության՝ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն): Եթե համարենք, որ զինադադարին հաջորդող սկզբնական շրջանում հանտնաբերված աճյունների անունները տեղ են գտել այդ փուլերում հայտարարված զոհերի անվանացանկերում, ապա գոնե վերջին ամիսներին հայտնաբերված և ԴՆԹ հետազոտությամբ ինքնությունը պարզված հայորդիների անունները պաշտոնապես երբևէ չեն հրապարակվել:
Անարգանք՝ նահատակ հայորդիների հանդեպ
Փաստենք, որ ՊՆ-ի հրապարակած ցանկերում նշված է միայն զոհերի անուն-ազգանուն-հայրանունն ու ծննդյան թվականը: Լավագույն պարագայում՝ նշվում է, որ նա պահեստազորային է եղել կամ կամավորական: Զորօրինակ՝ «Ստեփանյան Գրիգոր Վահրամի, ծնվ. 1994 թ., պահեստազորային Սարգսյան Նորայր Փայլակի, ծնվ. 1967 թ., կամավորական Սարգսյան Ռոբերտ Կարապետի, ծնվ. 1992 թ.»: Ընդամենը: Ուրիշ՝ ոչինչ: Այսինքն՝ տվյալ անձը կյանք է զոհաբերել հանուն հայրենիքի, բայց մենք գիտենք լոկ նրա անունը, այն էլ լավագույն դեպքում (արդեն նշեցինք, որ վերջին շրջանում հայտնաբերված և նույնականացված զոհերի անունները որևէ տեղ չկա): Իսկ թե տվյալ նահատակը որտե՞ղ է ծնվել, ի՞նչ կոչում է ունեցել, որտե՞ղ է հերոսաբար ընկել և այլն, ՊՆ-ի ցանկերից ոչինչ չենք կարող կռահել այդ մասին:
Ի վերջո՝ վաղը դասագիրք կամ պատմություն է գրվելու 44-օրյա պատերազմի մասին, ուսումնասիրողները, հայ նորօրյա սերունդն ինչպե՞ս է իմանալու, թե, օրինակ, քանի՞ արթիկցի, սիսիանցի կամ տաշիրցի հայորդի է մասնակցել պատերազմին, կամ նրանցից որը որտեղ է կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի:
Փաշինյանը վերստին թաքցնում է զոհերի ու անհետ կորածների իրական թիվը
Յուրաքանչյուր կառավարության համար, ում հասարակական տարբեր շրջանակներ մեղադրում են դավաճանության, պատերազմի նախագծման, ռազմաճակատում սեփական զորքի դիտավորյալ ոչնչացման և, ի վերջո, հայրենիքի տարբեր հատվածներ թշնամուն դավադրաբար հանձնելու մեջ, լավագույն առիթ կարող էր հանդիսանալ ցանկանացած այսպիսի հնարավորություն, այն է՝ ստեղնաշարի մի քանի հպումներով հանրայնացնել հայրենիքի նահատակների համապարփակ անվանացանկը և ապացուցել, որ բոլոր այդ մեղադրանքները սին են:
Փաշինյանի կառավարության (ՊՆ-ի) այս պահվածքից, սակայն, պարզորոշ է. պատերազմի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց էլ դեռևս չի հրապարակվում զոհերի և անհետ կորածների ամբողջական և համապարփակ ցանկը: Ինչու՞: Կրկին պարզորոշ է՝ զոհերի ամբողջական և համապարփակ ցանկի միջոցով ազգաբնակչությունը հեշտությամբ կհայտնաբերի ամենամանր ու մեծ անճշտությունները, և ընդամենը մի քանի օրվա մեջ պարզ կդառնա՝ Փաշինյանի իշխանությունը որքանո՞վ է հարգել յուրաքանչյուր նահատակ հայորդու հիշատակը և այն ի պահ տվել պատմությանն ու սերունդներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը