«Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջւմ գրել է.
«Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր վերաբերմունքը, թե հայտարարությամբ, թե բողոքի գործողությամբ արտահայտել ենք Հանրապետության հրապարակում նախատեսված շոուի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ այսքանից հետո էլ առավել գործուն միջոցներով կարելի էր հանրությանը, վարչախմբին հասցնել մեր վերաբերմունքը։
Հերոս տղերքի ծնողները, կանայք, դուստրերը, որդիները, ընտանիքի անդամները պետք է մշտապես գիտակցեն, թե ում ծնողն են, որդին եւ դուստրը, քույրը եւ եղբայրը։ Մենք չենք կարող լինել խեղճի կեցվածքով, խնդրողի կարգավիճակում։ մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք եւ մնացածը համերգի կազմակերպիչների գործն է։
Հիմա տարբեր կարծիքներ կան, թե ինչպես պետք է նշենք Անկախության օրը։ Մշտապես հիշեք, որ մեր տղերքը չեն զոհվել բացառապես իրենց ընտանիքների համար, այլ առաջին հերթին մեր անկախ պետության համար։ Մենք՝ հերոս տղերքի ընտանիքի անդամներս ավելի պետք է գնահատենք և կարևորենք Անկախության տոնը։
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։
Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել այս արարողությանը։ Անպայման մասնակցեք, մեր տղերքը դա ուզում են։
Ինչ վերաբերում է երթով Եռաբլուր գնալուն, ապա հիշեք, որ ամեն տոն իր խորհուրդը ունի։ Եւ վերջապես, եթե մենք 21 ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ուր ենք գնալու սեպտեմբերի 27 ին։
Առաջնորդանիստ եկեղեցիների գտնվելու վայրերը կցում եմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը