Փաշինյանական «Նոր Հայաստանում» քաղհասարակություն ներկայացող Դանիել Իոաննիսյանի իրավունքների շրջանակն այնքան է ընդլայնվել, որ նրան այլևս թույլատրված է պետական կառավարման համակարգում անգամ ՊՊԾ գնդի ծառայողներին հրահանգավորել:
Այսօր նա արդեն «զավթել էր» Կառավարության շենքը և առավոտից քանի ժամով Կառավարության մամուլի կենտրոնն ու շենքը հսկող ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը գտնվում էին՝ ոչ պաշտոնյա և քաղաքացիական Իոաննիսյանի «անմիջական ենթակայության ներքո»:
Իոաննիսյանի ղեկավարած կառույցը ներսում կազմակերպել էր նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի ամենակարևոր փուլը՝ վերջիններիս ինքնամատուցման հարցազրույցները պիտի կայանային՝ ՀԿ-ների ու լրագրողների, իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությամբ:
Եվ հատկանշական է, որ այս մասին ԶԼՄ-ներին իրազեկել էր բացառապես Դանիել Իոաննիսյանը՝ ֆեյսբուքի իր անձնական էջի միջոցով, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը նախագահի ընտրության այդ միջոցառման կազմակերպման ու համակողմանիորեն լուսաբանման պարտավորությունն օրենքի 18 հոդվածի 7, 8, 9 կետերի համաձայն, դրված է Կառավարության աշխատակազմի վրա: Թե, ինչն էր կազմակերպել Կառավարությունը, պարզ չէ՝ կարծես ձեռքերը լվացել էր, իսկ Իոաննիսյանն իրենով էր արել աշխատակազմի ֆունկցիան, ֆորմալ հայտարարությունից հետո հավատարմագրել էր քիչ քանակի, հիմնականում յուրային լրատվամիջոցի, և չթույլատրվեց Yerevan.Today-ի նկարահանող խմբի մուտքը կառավարության շենք՝ չնայած Կառավարության շենք մուտք գործելու համապատասխան հավատարմագրված անցագրերով։ Ստացվեց այնպես, որ ԱԱԾ պետական պահպանություն ծառայություն կատարողները, այսօր թույլ չտվեցին Դանիելի պլաններից դուրս որևէ այլ լրատվամիջոցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը լուսաբանի:
Ինչու՞..․ կառավարության լրատվակաինից պարզաբանում են, որ դա իրենց միջոցառումը չէ: Հարց․ բա ու՞մն է, մասնավոր ՀԿ-ի՞նը։ Մեկ այլ ՀԿ և՞ս կարող է միջոցառումներ կազմակերպել և հրահանգավորել, օրինակ ԱԱԾ ՊՊԾ-ին։ Թե՞ միայն «սորոսականի» համբավ ունեցողներին է այդ իրավունքը վերապահված Փաշինյանի կառավարությունում։
Միջոցառման լուսաբանման հրավեր չէր ուղարկվել լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին, փոխարենը ընտրվել էր Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջը: Չնայած, որ եթե ուղարկվեր էլ, միևնույնն է, հարցեր էր առաջանալու․ ինչու՞ է պետական և շատ պատասխանատու կոմիտեի ստեղծման աշխատանքներով զբաղվում մասնավոր կազմակերպություն, այլ ոչ հենց աշխատակազմը։
Կառավարությունում Դանիել Իոաննիսյանի «դաբրոն» ոչ մի կերպ չկարողացանք կորզել, որպեսզի հանուն թափանցիկ ընտրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահացուների վճռորոշ հարցազրույցը լուսաբանվեր համակողմանիորեն:
Ի դեպ, մեզ հետո հայտնի դարձավ, որ բացառապես Factor.am, 1 in.am և Հանրային ՀԸ-ն են իրավունք ստացել մտնել կառավարության լրատվական կենտրոն, «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը, որը ենթադրվում էր անցանկալի հարցեր կարող էր ուղղել, ևս հայտագրման հրավեր չէր ուղարկվել, երևի թե վախեցել են, որ կանխատեսելիությունից դուրս հարցերը կարող էին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «տոնը» փչացնել:
Ի դեպ, հենց Սասուն Խաչատրյանն է վարչապետ Փաշինյանի և հատկապես Իոաննիսյանի սրտի թեկնածուն, և կասկած չկա, որ հենց նա էլ կդառնա այդ պլանով գծած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Չմոռանանք, իհարկե, որ Սասուն Խաչատրյանը Հայաստանում գրանցված «սորոսական» ողջ համակարգի նախկին համակարգող, իսկ հիմա արդեն ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է: Սասուն Խաչատրյանը Փաշինյանի սիրտը շահելու համար 2018-2019 թթ․ արել է տրամաբանական ու անտրաբանական բազմաթիվ ճոխ ու ճոռոմ քաղաքական հայտարարություններ՝ այդ թվում մարտի 1-ի սպանությունների իբր բացահայտված լինելու մասով, թքած թե այդ հայտարարություններից ու գաղտնալսված լինելու «հընգեր ջան» խայտառակ դրվագից հետո, ինչքան «փչացավ» որպես մասնագետ ու դարձավ որպես «իրավաբան փուչիկ»: Նա իհարկե, այդքանից հետո, ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլ շարունակեց այդ համահայկական շոուն, որը միայն այս տարվա գարնանը փուչիկի պես պայթեց, խոսքը «մարտի 1-ի» գործ ասվածն է, ի վերջո, չմոռանանք, որ նա էր, որ նախաձեռնել և համառորեն պաշտպանում էր 300․1 հոդվածը, որը և հակասահմանադրական ճանաչվեց: Դրանից հետո, նույնպես, Սասուն Խաչատրյանը ոչ միայն հրաժարական չներկայացրեց, այլ շուտով կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը Հայաստանում: Օրվա ընթացքում, այս միջոցառման տեսագրությունները հրապարակվելուց հետո արդեն, պարզ դարձավ թե ինչու՞ էին այդ տեսակ ծածուկ միջոցառում կազմակերպել։ Երևի թե, որ լրագրողները Սասունին ճշգրտող հարցեր չուղղեին Պորշ կայենի, Հունաստանի վիզայի համար րոպեներով մուտք արած գումարների, Տիգրան Աբգարյանին սպանողին հայտնաբերելու ու այդպես էլ անհայտ մնալու և շատ ու շատ հարցեր, որոնք վստահաբար կուղղենք առաջին իսկ առիթի դեպքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը