07 09 2021

270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշին՝ հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու պարկերով. ՊԵԿ-ի բացահայտումը

270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշին՝ հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու պարկերով. ՊԵԿ-ի բացահայտումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է կեղծարարության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ-ը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում իրականացվող վարչարարական գործիքների,  հարկային և մաքսային հսկողությանը զուգահեռ, նաև որպես իրավապահ մարմին, ամենօրյա միջոցառումներ է իրականացնում  հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, խափանման ու բացահայտման ուղղությամբ։ 

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվում են օպերատիվ տվյալներ, որ տարբեր ֆիզիկական անձինք և  որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն Ռուսաստանի Դաշնությունից նախօրոք պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին ՀՀ տարածքում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում գործող տոնավաճառներից մեկի տարածք: Այդտեղից էլ մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում ոմն Շ. Ա.- ն:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչության աշխատակիցների անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում կազմակերպվում էր լվացքի փոշու արտադրություն: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու  30.100 հատ 9 կգ-անոց դատարկ պոլիէթիլենային պարկերով պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի։ Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են վերը նշված տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև՝  ևս 2  հայտնի այլ ապրանքանիշերի տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ