Խաղողի մթերման համար այս տարին բարենպաստ չէր։ Խաղող շատ կա, բայց գործարարները հրաժարվում են մթերել. Արագածոտնի մարզի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանք իրենց խնդիրներին լուծում են պահանջում պատկան մարմիններից։
«Փաշինյանը որ ասում է՝ 4 միլիարդ եմ փոխանցել, էդ 4 միլիարդը էսօր դուրս է գալիս կամ «փուչիկ», կամ ծանոթի միջոցով կամ էլ չգիտեմ՝ ոնց։ Այսօր խաղողի գործարանների կեսը հրաժարվում է խաղող ընդունելուց, ասում են՝ անցյալ տարվանից մեր հորերը լիքն են, մենք մի կիլո խաղող ընդունելու ձև չունենք։ Որին էլ ընդունում են, ասում են՝ 115 դրամ», - բողոքում են ճանապարհը փակած խաղողագործները։
Նրանց խոսքով՝ խաղող մթերողները պայմանագրում հատուկ կետ են մտցրել, ըստ որի գնիջեցում է նախատեսվում՝ պահանջվող որակի խաղող չբերելու դեպքում։
«Այսինքն, հերիք չէ, որ մի շիշ սովորական ջրի գին չի կազմում խաղողը, այսօր էլ ասում են՝ գնիջեցում։ Կարող են ասել՝ 60 դրամ։ Գումարն էլ 270 օր հետո է լինում։ Տուն ենք պահում, հողի հարկ, վարկ ենք մուծում։ Ինչո՞վ ապրենք», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա հիշեցրեց նաև դպրոցների ու մանկապարտեզների լայնածավալ շինարարության մասին Փաշինյանի հայտնի հայտարարությունը։
«Ասում է՝ 300 մանկապարտեզ ենք սարքում։ Մանուկ պիտի ունենաս, որ մանկապարտեզը լցնես։ Մանուկ մնա՞ց», - վրդովված նշեց խաղողագործը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը