«5165» շարժումը հանդես է եկել բաց կոչ-պահանջով՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որում ասվում է.
«1990-ականների պատերազմի թանկ զոհերն ու ժողովրդի կրած զրկանքները գինն էին Հայոց երկրորդ անկախ պետականության։
Այժմ, 44-օրյա պատերազմում այսչափ կորուստներ ունենալուց հետո և մեր գլխին կախված գոյութենական սպառնալիքի պայմաններում մեզ խաղաղության դարաշրջանի օրակարգ են հրամցնում։
Ո՞րն է ա՛յդ խաղաղության գինը
Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հանդես եկող և ՀՀ քաղաքացուն հաշվետու լինելու խոստումով ընտրություններում իշխանություն ստացած վարչապետից պահանջում ենք հստակ պատասխաններ և բացատրություններ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Ասացե՛ք ՀՀ քաղաքացուն, թե ի՛նչ տրամաբանության հիման վրա եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան սկսում: Ո՞րն է դրա դրդապատճառը և իրական նպատակը:
Արդյոք այս իրավիճակում պետք է կրկին անակնկալ որոշումնե՞ր կայացնեք: Ասացե՛ք հստակ Ձեր իշխանության ծրագրած քայլերի մասին Ձեր իսկ խոստման համաձայն: Չէ՞ որ խոստացել եք Ձեր գործունեության մեջ միշտ լինել բաց և թափանցիկ՝ հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին:
Ժողովրդին տրամադրել եք ցավոտ լուծումների: Ի՞նչ ցավոտ լուծումներ են սպասվում մեզ՝ Ձեր նշած խաղաղության դարաշրջանին ընդառաջ:
Խաղաղության դիմաց Դուք պատրաստվու՞մ եք Հայաստանի Հանրապետության տարածքներ զիջել: Եթե այո, ո՞ր տարածքների մասին է խոսքը:
Խաղաղության դիմաց Դուք պատրաստվու՞մ եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնել: Եթե այո, դրա ի՞նչ դրսևորման մասին է խոսքը:
Ո՞րն է Ձեր անվտանգային քաղաքականության պլանը, որով նախատեսում եք բացել խաղաղության դարաշրջանը:
Ասացե՛ք ժողովրդին, ո՞րն է խաղաղության իրական գինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը