Հրապարակախոս և ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր էջում գրում է․
«Սիրելի ընկերներ,
Երկու օր առաջ ես գրառում էի կատարել, որով ձեզ պատմել էի, թե ինչ է երջանկությունը, քանի որ բախտը ինձ հնարավորություն էր ընձեռել նամակ գրելու դարի հանճարին՝ Հովհաննես Հովհաննիսյանին (կարող եք կարդալ այստեղ shorturl.at/dhnpI )։ Բայց պարզվեց, որ երկնային ուժերը չեն սահմանափակվել դրանով և ինձ էլի են հնարավորություն տվել, ու ինձ թվում է, որ արդեն ես երևի թե կմեռնեմ երջանկությունից։ Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտորի նորանշանակ ժ․պ․-ն ինձ է հանձնարարել, որ պատասխանեմ ինքս ինձ՝ պարտադիր «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով և ոչ մի գոնե մեթոդական ցուցում չի տվել, թե ինչպես պետք է դա անեմ։ Ճիշտ է, այս պատասխանը չի մտնում իմ աշխատանքային պարտականությունների մեջ, քանի որ մարդիկ իրենց ուղղված նամակներին սովորաբար հենց իրենք են պատասխանում, բայց ես չէի կարող ինձ զրկել այս հաճույքից։ Կարող եմ ենթադրել, որ նման հանձնարարության իրական պատճառն այն է, որ պարոն Հ․Հովհաննիսյանը կարողանում է գրել, այսինքն՝ վերաշարադրել միայն այնպիսի տեքստեր, որոնք գրել է իր գիտական ղեկավար Ավետիս Քալաշյանը, բայց քանի որ վերջինս դեռևս ինձ նամակ չի գրել, պարոն Հովհաննիսյանը չգիտի, թե ինչից կարելի է օգտվել։ Ինձ համար մեծ պատիվ է գրել Հովհաննես Հովհաննիսյանի անունից տեքստեր նույնիսկ ինքս ինձ, նույնիսկ իմ ասածի հերքման մասին։ Պատրաստ եմ գրել անգամ սիրային նամակներ՝ պայմանով, որ դրանք ուղղված են լինելու հակառակ սեռին։ Եվ այսպես, Հովհաննես Հովհաննիսյանի նամակը Գևորգ Էմին-Տերյանին։
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԻ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կարդացի «Առավոտ» օրաթերթում տպագրված «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» հոդվածը և կարծում եմ, որ այն բացառապես կազմված է զրպարտություններից։ Սկսենք սկզբից։ Հեղինակը վերնագրում դիմելով ինձ՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարիս, ասում է «մեծն աստվածաբան»։ Սա բացարձակ զրպարտություն է։ Նախ՝ եթե ես լինեի մեծ, հմուտ կամ խորագետ աստվածաբան, կիմանայի, որ Մովսես Խորենացին սրբադասված է և անգրագետ գրառումներ չէի կատարի ֆեյսբուքյան իմ էջում, որ հետո ստիպված լինեի ջնջել այն, ապա՝ մասնագիտությամբ քիմիկոս Կարեն Հեքիմյանը ստիպված չէր լինի գրագողության փաստը դատապարտելու համար դիմել ԵՊՀ էթիկայի հանձնաժողովին, Բարձրագույն որակավորման կոմիտեին և Հայաստանի ամերիկյան համալսարանին։ Երրորդ՝ մեծ աստվածաբան լինելու դեպքում ստիպված չէի լինի դիմել տարբեր գրանտատու կազմակերպությունների և իրականացնել այնպիսի պատվերներ, ինչպիսիք են թաղումների փոխարեն դիակիզումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քարոզները, որոնք հիմնականում խնդրում էի լրագրողներին, որ չլուսաբանեն։ Վեհագույն հայագետ-ը ևս զրպարտություն է, որովհետև թեև իմ դոկտորական ատենախոսությունը դիտարկվեց որպես հայագիտություն, այն հայագիտության հետ ոչ մի կապ չունի։ Ինչ վերաբերում է ԵՊՀ վերջին պաշտպան ձևակերպմանը, ապա ճիշտ կլինի, որ ես ներկայացվեի որպես կիսապաշտպան, որովհետև մեր բոլորի հավերժական պաշտպանը մեր մեծագույն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Հեղինակն իր տեքստում ինձ հակադրում է մանր ժամանակին, փողասիրությանը և շնանալու հակվածությանը, բայց դա այդպես չէ․ պետք չէ մեզ հակադրել, մենք միշտ միասին ենք։ Ես համաձայն չեմ նաև այն մտքի հետ, որ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ի աթոռը շատ փոքր ու նեղ է ինձ համար․ այն շատ հարմարավետ է։ Անդրադառնանք նամակում արծարծված կետերին։
Ես իմ նշանակումը նմանեցնում եմ Վլադիմիր Իլյիչ Լենինի կողմից ամենահավատարիմ դաշնակցին՝ Ստեփան Շահումյանին (սա այնքան էլ լավ օրինակ չէր), ավելի ճիշտ՝ Ալեքսանդր Մյասնիկյանին բելառուսական ֆրոնտ ուղարկելու գործողության հետ։
Ես համաձայն չեմ նաև մեղմ հովիկ ձևակերպման հետ և ուզում եմ դառնալ այն ցրտաշունչ մրրիկը, որը կամ նոր կյանք կպարգևի Երևանի պետական համալսարանին, կամ էլ նրան կքշի իմ սիրած վայրը՝ դիակիզարան։
Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանի, Թալիբանի, Սոմալիի ծովահենների և մի շարք գրանտատու կազմակերպությունների ժամանակավոր և միաժամանակ ներկայացուցիչ
Հովհաննես Հովհաննիսյան»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը