168.am-ը գրում է․
«Կապանի ավագանու 8 անդամ լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել, օգոստոսի 11-ին կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղարկվել մարզպետարան»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով իր շուրջ մեկնարկած քաղաքական գործընթացներին. Ապա հավելելեց, որ համայնքում պետք է լինեն ավագանու արտահերթ ընտրություններ:
Գևորգ Փարսյանը պատահական չի համարում նման գործընթացները՝ նկատելով. «Կարծում եմ, որ սա իմ դեմ ուղղված նպատակային գործողություն է»:
Հարցին, թե ինչո՞վ է խանգարում իշխանություններին՝ համայնքապետը պատասխանեց. «Ինքներդ կարող եք տրամաբանել: Մնացած գրեթե բոլոր համայնքի ղեկավարները գտնվում են կալանքի տակ, իսկ ես հիմա ազատության մեջ եմ, և երևի ինձնից ազատվելու տարբերակն այսքան փնտրտուքներից հետո գտել են այս ճանապարհով»:
Թե ինչո՞ւ են հատկապես Սյունիքի համայնքապետերը հայտնվել իշխանությունների թիրախում, և ինչո՞ւ են Սյունիքում իշխանությունները լծվել «լուրջ» փոփոխությունների գործին՝ մեր մյուս հարցին ի պատասխան՝ Կապան համայնքի ղեկավարը նշեց. «Առաջին պատճառը, որը ակնհայտ է, այն է, որ կոնկրետ Սյունիքի համայնքի ղեկավարներն իրենց թիմից չեն և ժամանակին էլ պահանջել են այս իշխանությունների հրաժարականը»:
Ի դեպ, ավագանու ինքնաբացարկ հայտնած ութ անդամների որոշումն անսպասելի է եղել համայնքի ղեկավարի համար. «Ես շատ լավ հարաբերություններ ունեի տվյալ անձանց հետ, մի քանիսի հետ նույնիսկ ընկերություն էի անում: Մինչև իրենց դիմում ներկայացնելը ես իրենց հետ (բացառությամբ երկու հոգու) հանդիպել եմ, դրա հետ կապված քննարկումներ եղել են»:
Լիազորությունները վաղաժամ դադարեցրած Կապան համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նաև վստահ ասաց.
«Ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են Կապանում, ինչը ես դրական չեմ գնահատում, քանի նոր արտահերթ ընտրությունները նոր ցնցումներ է, նոր քաղաքական թոհուբոհ է, լարվածություն է, որն այս պահին ավելորդ գործողություն է»: Գևորգ Փարսյանը նաև տեղեկացրեց, որ ինքը ևս մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Ընտրություններն իրականացվում են համամասնական ընտրակարգով, ընտրվելու են ավագանու 27 անդամներ, որոնց թվից ընտրվելու է համայնքի ղեկավար:
Հիշեցնենք՝ Կապան համայնքի ղեկավարի շուրջ մեկնարկած քաղաքական գործընթացներին խորհրդարանում անդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ արձանագրելով. «Կապանի համայնքապետը՝ Գևորգ Փարսյանը, ընտրվել է 2018 թվականին, և լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, ավագանու լիազորություններն ավարտվում են 2022 թվականին: Այսինքն՝ քաղաքապետն առնվազն մեկ տարի կարող է դեռևս պաշտոնավարել, բայց ինչ է տեղի ունենում, մինչև ընտրությունները որևէ խնդիր չկար, ու մեկ էլ ընտրություններից հետո պարզվում է, որ ավագանու 6 անդամ միահամուռ մեկ էլ հասկացան, որ էլ չեն ուզում ավագանի լինել: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում»:
Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն անկուսակցական է: 44-օրյա պատերազմից հետո Սյունիքում առաջացած լրջագույն անվտանգային սպառնալիքներով պայմանավորված՝ Գևորգ Փարսյանը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ավելին՝ դեռ փետրվարին, երբ Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել, Գևորգ Փարսյանը ԳՇ պետի և ՊՆ նախարարի հետ իր հանդիպումից ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել.
«Դեկտեմբերի 15-16-ին մեզ հյուր եկավ մեր խաղաղապահ զորքերից ռուս բարեկամներից մեկը և հարցրեց մեզ՝ «Ե՞րբ եք պատրաստվում այդ բնագիծը զիջել»: Ես մնացի շվարած. ասեցինք՝ այսի՞նքն, ո՞նց թե զիջել… Ասեց՝ տեղյակ չե՞ք, ձեր քաղաքական ղեկավարությունը ձեզ չի՞ ասել:
Ես, կարելի է ասել, բոլոր ինձ հասանելի մեթոդները կիրառեցի՝ թե՛ անձնական կապերը, թե՛ հրամկազմի հետ քննարկելը, որ մենք ոչ մի կերպ այդ բնագծերը չզիջենք, որովհետև ես շատ լավ հասկանում էի՝ զիջելու պարագայում մենք ունենալու ենք այն խնդիրները, ինչն էսօր ունենք՝ օդանավակայանի, ճանապարհների հետ կապված և ընդհանուր տրամադրությունների հետ կապված:
Եվ բոլոր մեթոդները փորձելով՝ հասկացա, որ տարբերակ չի մնում, և մենք փորձեցինք վերջին տարբերակը՝ այն տարբերակը, որ ես ընդհանրապես չեմ սիրում և չեմ ընդունում. դա ճանապարհներ փակելու տարբերակն էր: Ես ասել եմ ու ասում եմ՝ Նիկոլի հետ էդ ճանապարհ փակելը եկել է, իր հետ էլ պետք է վերանա: Մենք որոշեցինք ամսի 17-ին մայրուղին փակել, որպեսզի լսելի լինենք, ու գիտե՞ք՝ ամենացավալին որն է, որ այդ տարբերակն աշխատեց: Սա ցավալի երևույթ է, որ այս երկրում, այս իշխանությունների օրոք, եթե դու ուզում ես լսված լինել, պիտի ճանապարհը փակես:
Ու այո՛, այդ օրը հանդիպում կայացավ Պաշտպանության նախարարի (Վաղարշակ Հարությունյանի,- Զ.Դ.) հետ: Համայնքի ղեկավարներով հանդիպեցինք, մեր զայրույթը հայտնեցինք իրեն, փորձեցինք ամեն ինչ, որ չզիջենք, նույնիսկ հասավ այն պահը, որ ասեցինք՝ իսկ եթե ընդհանրապես մենք այդ հրամանը չենք կատարում և չենք զիջում այդ դիրքերը, ապա այդ դեպքում՝ ի՞նչ: Նախարարի խոսքն այսպիսին էր, որ ես չեմ կարող ինչ-որ մեկին ասել՝ զիջեք, թե չզիջեք, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս դեմ լինել: Էլի նույն ձևի հիասթափված, ապշած՝ էս թե՛ նախարարից, թե՛ իշխանություններից… մի խոսքով, գիտեք, որ ամսի 18-ին մենք այդ դիրքերը զիջեցինք, և այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք:
Ի դեպ, նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկա էին այն գեներալների մի մասը, ովքեր այդ օրը ԳՇ պետի հետ ինձ հետ հանդիպման էին. իրենք ընդհանրապես տեղյակ չէին, տեղյակ չէր ԳՇ պետը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը