09 08 2021

Արամ Զավենիչը ցեմենտի բիզնեսի և քաղաքականության արանքում․ zham.am

Արամ Զավենիչը ցեմենտի բիզնեսի և քաղաքականության արանքում․ zham.am

zham.am-ը գրում է․

 Ինչպես հայտնի է Զավենիչը մինչ քաղաքականության մեջ մտնելը զբաղված էր իր խոսքերով ցեմենտի բիզնեսով: Թե ինչ բիզնեսմեն էր նա, պատմությունը չի արձանագրել: Սակայն հոկտեմբերի 27-ից հետո, երբ նրան մտցրին քաղաքականություն, մինչ այսօր գրեթե բոլորի համար տեսանելի դարձավ, որ նա այդպես էլ այս ոլորտում չկայացավ:

 Երբ վարչապետի պաշտոնում նա չկարողացավ հասնել հաջողության և դուրս թողնվեց պետական կառավարման համակարգից, նա քաղաքական դաշտում այդպես էլ ոչ մի հաջողություն չարձանագրեց:

2003-ից հետո նա սկսեց կրել նարնջագույն փողկապ, որպեսզի ամերիկացիները, Սաակաշվիլիի օրինակով, իրեն էլ աջակցեն, սակայն ամերիկացիների վրա նրա այդ քայլը տպավորություն չթողեց:

Այդ իսկ պատճառով էլ Արամ Զավենիչը 2008-ին ստիպված էր աջակցել Տեր-Պետրոսյանին, այլ ոչ թե հանդես գալ սեփական դեմքով:

Սակայն Տեր-Պետրոսյանի անհաջողությունից հետո էլ Զավենիչի բախտը համառորեն չէր բերում:

Տասը տարի անց, «Ելք» դաշինքի շնորհիվ նա դարձավ ԱԺ պատգամավոր, սակայն 2018-ի ապրիլին կրկին սխալ խաղադրույք կատարեց` պաշտպանելով ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը և, որի արդյունքում էլ դուրս մնաց Փաշինյանի հաղթանակի պտուղները քաղելու հնարավորությունից:

Երկարատև քծնանքի արդյունքում, Զավենիչին հաջողվեց վերջապես վերականգնել իր հանդեպ վստահությունը, որի արդյունքում Փաշինյանի թիմը մեծ ռեսուրսներ ծախսեց անցած ընտրություններում, որպեսզի Արամ Զավենիչի կուսակցությունը կարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը և մտնի ԱԺ: Սակայն ավաղ, պարզվեց Զավենիչը Հայաստանում ունի գրեթե զրոյական վարկանիշ և չունի ոչ մի հեռանկար  կայանալու երկրի քաղաքական դաշտում:

Դատեք ինքներդ, որպես պոպուլիստ Զավենիչը զիջում է ոչ միայն Փաշինյանին, այլև Մարուքյանին և մյուս քաղաքական սուբյեկտներին, քանզի նախկինում բացառապես «Յաշիկներով»  ֆռֆռալով մարդը չի կարող խոսել սոցիալական արդարությունից:

Որպես հակառուսական գործիչ, նա էականորեն զիջում է ավելի «թարմ» ուժերին, ինչպիսիք են «Սասնա Ծռերը», Տիգրան Խզմալյանի կուսակցությունը, Դավիթ Սանասարյանի խմբակը և Արման Բաբաջանյանի թիմը:

Վերջիններս, համեմատաբար, ավելի «նոր» գործիչներ են, մինչդեռ, Արամ Զավենիչը նարնջագույն փողկապ էր կապում սկսած 2003-ից, բայց այդպես զրո էր, զրո էլ մնաց:

Ինչպես մարդն իր տարիքը չի զգում, այդպես էլ քաղաքական գործիչը չի ուզում համակերպվել, որ «իր ժամանակն» արդեն անցել է:

Սակայն այդ ամենն ունի իր պատճառները:

Օրինակ` Զավենիչը երեկ կրկին  հանդես էր եկել իր հետևյալ գրառումով, որտեղ նա անդրադարձել էր «համազգային» խնդիրներին:

Օրինակ` նշում էր, թե Հայաստանին պետք է Ադրբեջանի հետ ճշտել իր սահմանները: Միտքը տրամաբանական է, սակայն դրանից հետո նա առաջարկում է դա անել ...ՄԱԿ-ի հովանու ներքո:

Այստեղ է, որ պիտի ասել, հարգելիս, սա Ձեր համար ցեմենտ վաճառելը չէ: Եթե մի բանի մասին տեղյակ չեք, անպայման չէ, որ պիտի տեսակետ հայտնեք դրա մասին:

Մյուս մասում, նա նշում է, որ իր համար ԼՂՀ-ն, երկրորդ հայկական հանրապետությունն է, ինչպես  հույների համար Կիպրոսը:

Միտքն նույնպես լավն է: Սակայն այստեղ էլ հարց է առաջանում, երբ Փաշինյանն երկու տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնում հայտարարեց, որ իր համար, «Արցախը Հայաստան է և վերջ», ինչու՞ հենց այդ պահին  Զավենիչը չզգուշացրեց իր ընկերոջը, որ դա վտանգավոր թեզ է: Որ նույն ձևով, 1974-ին հույները հռչակեցին «Կիպրոսը Հունաստան է և վերջ» կարգախոսը, որի արդյունքում, լեգիտիմ հիմք տվեցին, որ Թուրքիան օկուպացներ Կիպրոսի 40 տոկոսը, իսկ Արևմուտքն ոչինչ չարեց հույներին պաշտպանելու համար:

Հաջորդ պարբերականում Զավենիչը առաջարկում է նոր ատոմակայն կառուցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, իսկ ցանկության դեպքում, նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Չինաստանի ներգրավմամբ:

Ուշադրություն դարձրեք Զավենիչի այս մտքին: Նախ նա ուզում է, որ նոր ատոմակայանը կառուցեն ԱՄՆ, կամ Ֆրանսիան: Երկրներ, որոնք երբեք նման ցանկություն չեն հայտնել: Հետո, Զավենիչը նշում է, որ «դեմ չէ», որ այս գործին ներգրավվեն Ռուսաստանին, Վրաստանին և Իրանին: Այս երեք երկրները, Զավենիչը դնում է մեկ շարքում: Իրանը, որի համար ատոմակայան է կառուցում Ռուսաստանը Բուշերում, պարզվում է, ըստ Զավենիչի ատոմակայան կարող է կառուցել մեզ համար: Խելքի աշեցեք, կասեր դասականը: Իսկ Վրաստանը, որ նույնիսկ իր տարածքում ատոմակայան չունի, պարզվում է կարող է օգնել մեզ կառուցել այն: Ու դրանից հետո, Զավենիչը ուզում է, որ իրեն լո՞ւրջ վերաբերվեն:

Լա՞վ չէր, որ նա ցեմենտի բիզնեսով զբաղվեր: Դրանից կշահեր, և Հայաստանը, և ինքը: Իսկ այս պարագայում, մենք կորցրինք ցեմենտի ոլորտի պոտենցիալ մասնագետի և ձեռք բերեցինք «ցեմենտային» տիպի քաղաքական գործչի, որից հաստատ չշահեց, ոչ Հայաստանը, ոչ ամերիկացիները, ոչ էլ ինքը՝ Արամ Զավենի Սարգսյանը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ