Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ:
Կես ժամ հետո ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում կներկայացնի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Սույն պաշտոնակատարի նշանակումը ամբողջությամբ հակասահմանադրական է, որովհետև.
–այդ նշանակումը տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի կողմից, որի ձևավորումն իսկ հակասահմանադրական է ու ԱՅԺՄ ՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ:
–ՀՀ սահմանադրական դատարանը օրեր առաջ հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որովհետև դրա դրույթներից մեկը, որ վերաբերում էր բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգին (որն, ըստ այս տխրահռչակ օրենքի անցնում էր քաղաքական իշխանության լիարժեք վերահսկողության տակ), ուղղակիորեն հակասում էր բուհական ինքնավարության վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթին: Իսկ այժմ գործադրի կողմից ձևավորվում է բուհի ժամանակավոր խորհուրդ, նա էլ ռեկտորի ԺՊ է նշանակում, այն դեպքում, երբ համանման վիճակը հակասահմանադրական է ճանաչվում:
Ստացվում է, որ ժամանակին օրինականության թեմաներով կոկորդ պատռողները այսօր առանց աչք թարթելու անում են հակաօրինական, հակաիրավական գործողություններ:
Ստացվում է, որ թքած ունեն Սահամանադրության ու օրենքի վրա:
Չգիտեմ, համալսարանում ով ինչպես, բայց ես չեմ ընդունելու զոռբայության ու թքածականության այս դրսևորումները: Պարտված երկիրը ոտքի կարող է կանգնել, եթե որոշ կարևոր ինստիտուտներ չքանդվեն: Այս քայլերով գործող իշխանությունները նպատակ ունեն քանդել հենց այդ ինստիտուտները՝ Հայաստանը վերջնականապես վերածելով բանանային պետության:
Մի՛ լռեք, համալսարանականներ: Մենք դատաիրավական գործիքներով, աղմուկով, բողոքով հնարավորինս պայքարում ենք այս ապօրինությունների դեմ, Համալսարանի այս նսեմացման դեմ: Դուք էլ գոնե էսպես վերաբերմունք արտահայտեք:
Գոնե գրառումներ արեք: Պատահական չէր այս ամենն օգոստոսին իրականացնելը, որ աղմուկ չլինի, որ հանգիստ լինի: Բայց քանի որ մենք ապրում ենք սոցցանցերում, գոնե այստեղ է պետք վերաբերմունք արտահայտել: Մի՛ վախեցեք… Արցախի մեծ մասի, բազմահազար թանկ կյանքերի, պետության ինքնիշխանության կորստի դիմաց մեր կարգավիճակների հնարավոր կորուստը մեծ բան չէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը