Հայաստանում անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 2169 պատահարից 516-ը վրաերթ է, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
«Նման վիճակագրությունից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հետիոտները լրջորեն վերաբերվեն իրենց պարտականություններին՝ երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, ղեկավարվեն հետիոտնային լուսացույցի ազդանշաններով, չկարգավորվող հետիոտնային անցումներում երթևեկելի մաս դուրս գան՝ գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և փողոցն անցնեն միայն այն դեպքում, երբ համոզված են, որ անցումն իրենց համար անվտանգ է: Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Սրանք պարզագույն պարտականություններ են, որոնք անտեսողները երբեմն վճարում են կյանքով: Անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 516 վրաերթից 279-ի դեպքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել են հետիոտները։ Մի կետից մյուսը մի քանի վայրկյան շուտ հասնելու համար չարժե ճանապարհն անցնել չթույլատրվող հատվածներով՝ վտանգելով կյանքը, նաև անհարմարություն ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը