16 07 2021

Գեղարքունիքում անորոշ, լարված վիճակ է․ Գեղամասարի համայնքապետ․ Yerkir.am

Գեղարքունիքում անորոշ, լարված վիճակ է․ Գեղամասարի համայնքապետ․ Yerkir.am

Yerkir.am- գրում է․ Ռուս սահմանապահներն իրենց ընտանիքներով տեղակայվելու են Սոթքում, տարածքի խնդիր կար, կարգավորվեց։ Ժամանակավոր կացարաններ կսարքվեն, ռուս սահմանապահների՝ այնտեղ ապրելու հանգամանքը տեղի բնակիչների բնակության վրա չի ազդելու․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ Ավետյանն ասաց, որ լարված վիճակ է, դեռ չգիտեն, թե ինչ է լինելու։ «Սոթքում արդեն ռուս սահմանապահներ կան, որոշ մասն արդեն եկել է։ Այն փուլում ենք, երբ դեռ պիտի որոշվի՝ ինչ է լինելու, կամ էլ արդեն որոշված է, ես տեղյակ չեմ։ Հրաձգություն, ճիշտ է, շատ չի լինում, բայց սահմանին լարվածությունը պահպանվում է»,- նշեց նա։

Ավետյանից հետաքրքրվեցինք՝ պատկան մարմիններին, կառավարության անդամներին, մարզպետ Գնել Սանոսյանին հարցրել են՝ ե՞րբ են, ի վերջո, ադրբեջանցիները հեռանալու Գեղարքունիքի մարզից, պատասխանեց․ «Ես այդ հույսը չունեմ»։

Դիտարկմանը՝ փաշինյանամերձ անձինք պնդում էին, որ թշնամու ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածքներ պայմանավորված է ընտրություններով, ընտրությունների ավարտից հետո կհեռանան, Ավետյանն արձագանքեց․ «Ես շատ ուրախ կլինեի, որ այդպես լիներ, բայց նման հույս չունեմ։ Լարված իրավիճակ է, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է լինել։ Բնակիչներն էլ վախի մեջ են, տագնապը կա, եթե թուրքը մոտ է, նստած է սարերում, ո՞նց չտագնապեն»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր, տեղակայվել բարձրադիր գոտիներում, զավթել բնակիչների արոտավայրերը, գյուղատնտեսական նշանակության մշակահողերը եւ չի հեռանում։ Ավելին՝ ոտքը պնդելու համար թշնամին մեր հողերի վրա շինաշխատանքներ է իրականացնում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ