15 07 2021

Այլևս պետհամարանիշի համար «փրկագին» վճարելու կարիք չի լինի. ՃՈ-ն կտրամադրի կրկնօրինակը

Այլևս պետհամարանիշի համար «փրկագին» վճարելու կարիք չի լինի. ՃՈ-ն կտրամադրի կրկնօրինակը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգում, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերում:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:

Նրա խոսքով՝ ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ:

Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։

«Առաջարկվող նախագծով զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի (12 հազար դրամ) դիմաց կհատկացվի նոր համարանիշերի կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշերի կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ որոշումը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունները։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ վերջին շրջանում գողության նոր տեսակ է հայտնվել. «Գողանում են պետհամարանիշերը եւ, սեփականատերերից դրամ շորթելով, այն վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահները մի քանի այդպիսի խմբեր հայտնաբերել են, բայց մենք որոշեցինք, որ այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել այս որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ քաղաքացին ոչ թե ստիպված կլինի մեծ փրկագին վճարել, այլ ստանալ կրկնօրինակը պատկան մարմնից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ