ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել․
«Վերլուծելով վերջին տասնամյակներում հետխորհրդային տարածքում ռազմական հակամարտությունները, զինված բախումները՝ դժվար չէ նկատել, որ դրանք տեղի են ունեցել հատկապես այն հանրապետություններում, որոնք ունեն տարբեր ազգությունների, դավանանքների պատկանող կոմպակտ բնակչությամբ վարչատարածքային բաժանումներ։
Որպես կանոն, այդ հակամարտություններն ուղեկցվել են, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններով ու ավարտվել տարածքային կորուստներով կամ այդ տարածքների կորստի դե յուրե արձանագրումով։ Իրենց հերթին այդ գունավոր հեղափոխությունների պարարտ հիմք են ծառայել այդ երկրներում ծաղկած բյուրոկրատիան ու կոռուպցիան, լճացումն ու անպատժելիությունը, աղքատությունն ու գործազրկությունը, մենիշխանությունն ու կլանային տիրապետությունը։ Նման պայմաններում է հայտնվում, այսպես ասած, մեսիան կամ «չարքաշ աշխատավորության շահերի» պաշտպանը։ Հենց նա էլ ժողովրդին մղում է իշխանափոխության։ Հեղափոխական այս խժդժություններին շուտով գալիս են հաջորդելու մեկնարկող կամ ահագնացող ռազմական բախումները, որոնք սահունորեն փոխակերպվում են պատերազմների։
Տեսնենք, թե վերը նշված փոխակերպումների արդյունքում կոնկրետ ինչե՞ր են արձանագրվել ու իրական շահողն ո՞վ է եղել։ Եվ այսպես՝ Մոլդովան կորցրեց Մերձդնեստրը, Վրաստանը՝ Հյուսիսային Օսեթիան ու Աբխազիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերը, Հայաստանը՝ Արցախը։
Հատկապես ուշագրավն այն է, որ բոլոր այդ կորուսյալ տարածքները վերահսկում է մեկ տերություն, իսկ դրանք կորցրած պետությունների ղեկավարներն իրենց երկրների հետագա ճակատագիրը, նաև որպես նման զարգացումների արձագանք, տեսնում են միայն Արևմուտքի հետ համագործակցության մեջ։
Արդ՝ այս ամենը դեպքերի պարզ համընկնո՞ւմ է, թե՞ հատուկ ծառայությունների խաղ։ Ուսումնասիրելով այդ հեղափոխությունների լիդերների կենսագրությունը (բացառությամբ Մոլդովայի ղեկավարի)՝ ակնհայտ են դառնում ուշագրավ փաստեր՝ երեքն էլ եղել են խորհրդարանի պատգամավոր, երեքն էլ արդեն երկրի ղեկավարի որակում իրենց նախորդածներին շարունակել են մեղադրել կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, սակայն մեղադրվածներից և ոչ մեկն այդպես էլ քրեական պատասխանատվության ու պատժի չի ենթարկել, կոռուպցիայի մեջ նրանց ներգրավվածության մասին կոնկրետ փաստ չի հաստատվել։
Այս երեքի առնչությամբ հետաքրքիր զուգադիպություն ու սարկաստիկ մեկ բացառում։ Երկուսը ծառայել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանապահ զորքերում, իսկ մյուսը բանակում ընդհանրապես չծառայելով՝ հասել է գլխավոր հրամանատարի կոչման։
Այս ամենն ինֆորմացիա խորհրդածության համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը