29 05 2021

Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել․ News.am

Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել․ News.am

ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար։ Այս մասին գրում է News. am-ը՝ ներկայացնելով մանրամասները:

 

Պետական գնումների համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է երկու ընկերություն՝ լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ-ն և  լաբորատոր հետազոտություններով և բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ն։ Վերջինիս հայտը մերժվել է, քանի որ ընկերության կողմից առաջարկվող մատակարարման ժամկետը չի համապատասխանել գնման կարիքներին։ Արդյունքում դեկտեմբերի 18–ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը 295,8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է մինչև հունվարի 31-ը կատարել պայմանագրով նախատեսված գնումը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ հիշյալ մատակարարը ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումները ձեռք է բերել գիտության ոլորտում աշխարհի առաջատար «Թերմո Ֆիշեր (Thermo Fisher Scientific) ընկերությունից 2020 թվականի դեկտեմբերին։  Աղբյուրը, ներկայանալով որպես լաբորատոր սարքավորումների ոլորտի մատակարար, դեռևս երկու ամիս առաջ գրավոր հարցում էր ուղարկել հիշյալ ընկերությանը՝ խնդրելով տրամադրել պայմանագրում թվարկված 39 անուն ապրանքատեսակների գները։ Օրեր առաջ «Թերմո Ֆիշեր»–ի պաշտոնական ներկայացուցչից ստացվել է պատասխան, ըստ որի՝ 39  անուն սարքավորումների և լաբորատոր նյութերի հավաքածուի գնման համար ընկերությունն առաջարկել է 237,586 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 122,766 մլն դրամի։ Հաշվի առնելով պայմանագրով նախատեսված գնման համար պետության հատկացրած գումարի և աղբյուրին առաջարկված գնի միջև առկա զգալի տարբերությունը, փորձել են պարզել նաև Հայաստան ներմուծված ապրանքների մաքսային արժեքը։ Մասնավորապես, NEWS.am-ի տրամադրության տակ հայտնված մաքսային գործարքների մասին տեղեկատվության համաձայն՝ «Մեդիսար» ՍՊԸ–ն 2021թ. հունվարի 5-ին Վրաստանից ներմուծել է ԴՆԹ նույնականացման համար նախատեսված սարքավորումներ, որոնց ծագման երկիրը եղել է Չինաստանը և Սինգապուրը։

 

Մասնավորապես, ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ-ի էքստրակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)՝ 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapper™ ID-X Software v1.6, Full Installation)՝ 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMag™-2 Magnet), մազանոթներ հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36 cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր։ Հիշյալ ապրանքատեսակների մաքսային ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 184 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։ Ստացված տվյալներից պարզ է դառնում, որ գնման գործընթացի արդյունքում մատակարար ընկերությունը առնվազն 111  մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահույթ (վերադիր) է ստացել։

Նշենք, որ գնման գործընթացը տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոսքագիծը հնարավորինս արագ ձեռքբերելու նպատակով Թորոսյանն անձամբ է բանակցել մատակարարի հետ և ուղիղ կապի մեջ է եղել ընկերության ղեկավարության հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ