27 05 2021

Անկասկած՝ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից․

«Վերջին մի քանի տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտը կայուն անկում է ապրում՝ անհասկանալի դրսևորումներով։ Այդպես չի լինում։ Կարող է որոշ ճյուղերի համար անհաջող տարի լինել, բայց այս դեպքում անկումը և՛ ֆիզիկական ծավալներով է, և՛ նվազում է ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ։ Սա նշանակում է, որ առկա է համակարգային խնդիր։ Ցավոք, այսօր չկա մի մարմին, չկա այն պատասխանատու անձը, որը պետք է պատասխան տա սրա համար։ Սա այն ոլորտն է, որտեղ զբաղված է բնակչության 25-30 տոկոսը։ Ոլորտում անկում է, ու մենք չգիտենք՝ ումից պատասխան պահանջենք։ Ժամանակին ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կայուն ցուցանիշ ուներ՝ մոտ 11 տոկոս։
Այստեղ կա նաև կառավարման խնդիր։ Անկասկած՝ պետք է վերականգնվի նախարարությունը։ Այս ոլորտում կա բազային մի քանի խնդիր՝ ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում, որոնց լուծման համար պետությունը պետք է լուրջ դերակատարություն ունենա։ Եթե այս հարցերի լուծումը չկա, ամեն անգամ անկում է լինելու։ Հետագայում կարելի է խոսել լիզինգի մասին, որ գյուղտեխնիկա գնելու հնարավորություն լինի, կոնսալտինգի, պարարտանյութերի, թունաքիմիկատների հետ կապված հարցերի մասին։ Բայց հիմա գյուղացին մնացել է մենակ։

Ժամանակին հարկայինին շատ խիստ հանձնարարական էր տրված, որ վերամշակման ոլորտում բացված փոքր բիզնեսին մեկ տարի չմոտենան, մոռանան նրա գոյության մասին և թողնեն, որ ոտքի կանգնի։ Տարեկան երկու անգամ հանդիպում էինք ֆերմերների հետ և քննարկում առկա խնդիրները, դրանց լուծում էինք տալիս։ Մենք տարեկան 8 տոկոս աճող գյուղատնտեսություն ենք ունեցել։ Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է շատ լուրջ և դինամիկ աճ ունենալ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 26-ին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ