ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է Հայաստան մուտք գործելու COVID-19-ի հետ կապված ընթացակարգի փոփոխությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, փոփոխությունները հետևյալն են.
ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ։
Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան երեխաների համար։
Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:
Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։
ԱՐՄԵԴ համակարգում գրանցված անձանց դեպքում պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել ArmedeHealth բջջային հավելվածով։ Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտահանված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված QR կոդով:
Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:
Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացրած և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։
ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։
*Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը/պատվաստումն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված/պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը