17 05 2021

Հայաստանը քանդող մարտամեքենա. Panorama.am

Հայաստանը քանդող մարտամեքենա. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է Լիա Իվանյանի հրապարակումը.

Հատկապես սահմանային վերջին սրացումներից հետո անընդհատ այնպիսի զգացողություն է, ասես տասը տեղից մեզ խաղացնում են։ Թելերն էլ հակառակի պես խճճվել են և հայտնվել ենք լիակատար  քաոսում։ Երևացող միակ թելերը վարչապետացուի ձեռքին են։ Ապշելու բան է, որ գոնե դա չենք կտրում-շպրտում։

Հետաքրքիր է, ինչո՞ւ չենք կտրում։ Դուրներս գալի՞ս է կախված-կախյալ լինելը, թե՞ դեռ կասկածող կա, որ հայրենադավ այդ թել խաղացնողին իրենց  հերթին հազար հոգի են  պարացնում։ Մենք մեր երկրում խաղալիք ենք դարձել օտարների ձեռքերում, բայց չգիտես ինչու դիմանում ենք մեզ հույս ներշնչելով՝ թե բա երկրի ղեկավարությունը հո չի կարող պետության թշնամին լինել։ Կարող է, այն էլ ինչպես։ Այնքան դանդաղ ենք ուշքի գալիս, որ մինչև ռեալ չարիքից ազատվելը երկիրն ամբողջությամբ կկորցնենք։ 

4-5 տոկոս կազմող զոմբիների հերն էլ անիծած, թե ինչ են մտածում և ում ոտներին են մատաղ լինում։ Ողբերգությունն այն է, որ խելացի մարդկանց թվում էլ մնացել են հատվածներ, որ դեռ կարծում են, թե «ազնիվ» գեղացուն  թակարդը գցեցին, որ անփորձությունն ու նրա   զզվելի տեսակն են մեղավոր, և կովիդն ու պատերազմը խանգարեցին․․․թե չէ ի սկզբանե Նիկոլն ինքը  դավաճան ու պետականաքանդ չէր։ Հազար անգամ ո՛չ։

Մարդը հետևողականորեն կետ առ կետ իրականցրեց  և շարունակում է իրականցնել այն, ինչի համար իրեն 20 տարի (երևի 20) նախապատրաստել են արտաքին ու ներքին ուժերը։ Նա Հայաստանը քանդող մարտամեքենա է՝ հագեցրած թուրք-ամերիկյան-հրեա-սորոսական պահեստամասերով, որոնցից մեկնումեկի շարքից դուրս գալու դեպքում ավտոմատ միանում է մյուսը։ Դա էլ ապահովում է անխափան կործանարար ընթացքը։

Թող մեկը ցույց մի դրվագ սույն արարածի գիտակից կյանքից, որը դուրս է Հայաստանը կործանելու համատեքստից, լինի դա նրա լրագրողական, պատգամավորության, թե վարչապետության շրջանում։ Շանտաժիստ լրագրողը դարձավ պատվերով ղժղժացող պատգամավոր, ցույց տվեց ամեն ինչի ընդունակ լինելու պատրաստակամությունը, և  որպես քանդման հիանալի գործիք դարձրին վարչապետ։ Նա ոչ մի օր չի թուլացրել իր քայքայիչ արշավը, դե իսկ վարչապետ դառնալուց հետո քանդման պտույտներն առավել ուժգնության վրա է դրել։ Եվ այդ ամենը բոլորի աչքի առաջ։ Հիմա արդյոք նույնչափ մեղավո՞ր չէ հասարակությունը, որ հանդուրժել է այս չարիքին։

Փորձենք անկեղծ լինել․ գոնե ինքներս մեզ չե՞նք խոստովանի, որ մի հարցում ճիշտ է Նիկոլը, եթե վաղը մյուս օրը դատարանի առաջ ի պատասխան մեղադրանքների  ասի՝ «Լավ էլ գիտեիք իմ անցած ուղին։ Խելք ունենայիք՝ չենթարկվեիք շանտաժիս, չխաբվեիք ստերիս, չհանդուրժեիք գժություններս, սատկացնեիք ինձ նոյեմբերի 10-ին ․․․»։ Այո, նա ամեն ինչ արել է բացահայտ, ուղղակի տեսնելու ցանկություն էր պետք ունենալ։

Դե, եթե հասարակության կողմից այդքանը թույլ է տրվել, հիմա էլ նա ընտրություններ է  անցկացնում և վերարտադրվելու հույսեր ունի, այն դեպքում երբ նրա միակ ճիշտ տեղը իջևանցի կրեատիվ երիտասարդի իշուկի գավակն է։ Լավ, ինչքա՞ն ենք հանդուրժելու բացահայտված  գործակալների ազգակործան իշխանությունը։

Երբ 08․08․2019  հրապարակվեց «Այստեղով Նիկոլն է անցել» հոդվածս, շատերը վիրավորվեցին՝ նրան թուրքի հետ համեմատելու համար։ Իսկ հիմա արդեն թուրքն ու Նիկոլը որպես հոմանիշներ են ընկալվում։ Բայց տարօրինակ կերպով նա դեռ շարունակում է Հայաստան ղեկավարել, իհարկե  թրքավայել կերպով։ Հենց միայն Սյունիք և Գեղարքունիք «կուլտուրական» ներխուժած ադրբեջանցի սահմանախախտներին տեղում չսատկացնելու կամ չգերեվարելու հրամանի բացակայությունը   վկայում է դիտավորության մասին։

Նույն այդ ժամանակ՝ մայիսի 16-ին, Ադրբեջանում սկսվեց լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը, ում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Լա՞վ է չէ, մեր հայրենակցին առևանգում են ռազմական գործողությունների ավարտից հետո դեռևս մեզ պատկանող տարածքից և դատում են, իսկ թշնամու 250 զինվորները խախտում են մեր պետական սահմանը, չգիտես ինչու չեն ոչնչացվում, և մի քանի օր տևած բանակցություններից հետո «մեծահոգաբար» 1 կմ հետ են քաշվում․․․ Էսպես «երկու քայլ առաջ, մի քայլ հետ»  անելով վաղը ադրբեջանցիներն ո՞ւր կհասնեն ՀՀ իշխանությունների լուռ «դոբրոյով»։

Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ արտահերթ ընտրությունները սոսկ ուշադրություն շեղելու միջոց չեն, և մինչև ընտրության օրը իրականացված չեն լինի  թշնամուն տված ազգադավ իշխանության զիջումները։ Հետո մենք կմնանք կոտրած տաշտակի առաջ, նիկոլականներն էլ փողերն առած կցվրվեն աշխարհով մեկ։ Դրանից խուսափելու համար այսօր է պետք ոչնչացնել Հայաստանը քանդող այդ  մարտամեքենան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ