Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Նշենք, որ այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ: Առավոտյան թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Նշենք նաև, որ Արմեն Ազիզյանը ժամանակավոր կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը