Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է։
Զեկույցի համաձայն՝ Եվրասիայում ամենատարածված կառավարման ձևը համախմբված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է հրահրել։ Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրում ժողովրդավարության վարկանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասված է զեկույցում։
Մինչ ինստիտուցիոնալ սուբյեկտները 2020-ի ընթացքում այս կամ այլ կերպ հրաժարվել են պատասխանատվությունից, քաղաքացիական սուբյեկտները՝ սկսած հասարակ մարդկանցից և վերջացրած կազմակերպություններով, լրացրել են այդ վակուումը, ասված է զեկույցում, որտեղ մատնանշվում է հայ հասարակության համախմբվածությունը՝ մասնավորապես 2020-ին Արցախում 44-օրյա պատերազմի օրերին։
«Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդունել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների հարձակումից փրկված տասնյակ հազարավոր տեղահանված անձանց՝ տրամադրելով կացարան, հագուստ և դեղորայք»,- գրում են զեկույցի հեղինակները։
Որպես քաղաքացիական հասարակության համախմբվածության ակնառու օրինակ՝ զեկույցում անդրադարձ է արվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված նվիրաբերություններին։
Հեղինակները նշում են՝ այնուհանդերձ, քաղաքացիական հասարակությունը չի կարող կատարել այն ամբողջ աշխատանքը, որը պարտավոր են կատարել մյուս ինստիտուտները, պետությունը։
«Ավելին, քաղաքացիական հասարակության նորմատիվային դերը ոչ թե պետությունը, լրատվամիջոցները կամ այլ ինստիտուտները փոխարինելն է, այլ դրանք լրացնելը և անհրաժեշտության դեպքում դրանց դիմակայելը»,- ասված է զեկույցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը