07 04 2021

Ղալումյանը Նիկոլի քավորը լինելու իրավունքի ուժով վաղը կդառնա Տավուշի մարզպետ

Ղալումյանը Նիկոլի քավորը լինելու իրավունքի ուժով վաղը կդառնա Տավուշի մարզպետ

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ վաղը Նիկոլ Փաշինյանը մոսկովյան հանդիպումներից կվերադառնա ու միանգամից Տավուշի մարզպետ կդարձնի իր ընտանիքի քավոր Հայկ Ղալումյանին: Մեզ հայտնի է նաև Իջևանի հաջորդ քաղաքապետի անունը, պայմանավորվածություն կա, որ Ղալումյանին կփոխարինի նրա ներկայիս տեղակալ  Արթուր Ճաղարյանը, ով ևս քայլականներից է և Ղալումյանի աջ ձեռքն է համարվում:

Ընդգծենք, Հայկ Ղալումյանի նշանակումը Տավուշի մարզպետի պաշտոնում կլինի իջևանցի Ղալումյանների ընտանիքին հեղափոխության պարգևած՝ թվով 3-րդ բարձր պաշտոնը, որ սանիկ, դասընկեր Նիկոլ Փաշինյանի ձեռքից Ղալումյան եղբայրները ստանում են «նրա քավորը լինելու իրավունքի ուժով»:

Հիշեցնենք, Հայկ Ղալումյանը ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հարազատ եղբայրն է:

Վահե Ղալումյանն այսօր զբաղեցնում է նաև ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Իսկ տավուշի մարզպետ դարձող Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս համարվում է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Այստեղ, ըստ մամուլի հրապարակումների, 2 տարի շարունակ  ընտրություններ համառորեն չեն նշանակվում, այն պատճառով, որ անտառահատների հայտնի բախումներից հետո հայրենի Իջևանում Փաշինյանի ռեյտինգը  հավասարվել է զրոյի:

Ուշագրավ է, որ մինչև 2018 –ի իշխանափոխությունը Վահեն ռամիկ տղա էր, Իջևանում աշխատեցնում էր «Ոսկե ձկնիկ« ռեստորանը, իսկ Հայկ Ղալումյանը Իջևանում «Հայէկոնոմ» բանկի մասնաճյուղի կառավարիչն էր:

Հայկ և Վահե Ղալումյանների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, ՀՀԿ-ի՝ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից էր, ընդ որում՝ Փաշինյանին ատելի նախկինների օրոք՝ 2001-2008 թթ., եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Նոր Հայստանում այս ընտանիքը հազվագյուտ հաջողակներից մեկն է դարձել, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Ղալումյանների կյանքի որակը կտրուկ փոխվել է՝ 180 աստիճան:

Տարին մեկ անգամ պետական պաշտոններ՝ տարին մեկ անգամ պաշտոնի կտրուկ բարձրացումով, բարձր աշխատավարձ, կլորիկ պարգևավճարներ, ծառայողական մեքենաներ, քարտուղարուհի, օգնականներ ու երևանյան էլիտար կյանք, պետական տենդերներ շահելու երաշխիքներ և այլն:

Ի դեպ, վերջին դրվագով քրեական գործ հարուցվեց այն բանից հետո, երբ  Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հանրայնացրեց վարչապետի մերձավորի կապը՝ Երևանի քաղաքապետարանի շինարարական տենդեռին և խայտառակ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ «հարյուրավոր միլիոն դրամների հասնող չարաշահումների շղթան՝ քաղաքական թելով բացահայտվել է ու պարզվել էր, որ քաղաքապետարանի մրցույթները հաղթել էին  բանկային կեղծ երաշխիքներ ներկայացրած կազմակերպություններ, որոնցից մեկը հենց  Փաշինյանի քավորի բարեկամն է»։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ