02 04 2021

Մեծ կռիվը դեռ չի ավարտվել. Panorama.am

Մեծ կռիվը դեռ չի ավարտվել. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը.

Ասում են հիմարությունն այն դեպքում է հիմարություն, երբ կրկնվում է։ Նույն կերպ կարելի է ասել, որ մեկ անգամ խաբվելուց ոչ ոք ապահովագրված չէ, բայց երբ երկրորդ անգամ նույն ձևով պատրաստ ես խաբվել նույն մարդուն՝ դա արդեն կատարյալ հիմարություն է։ Խոսքը նիկոլյան «արդար» ընտրություններին և ապագա թրքամերձ լավ կյանքին հավատացողներին է վերաբերում։

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ  2018-ի հեղափոխության մարդաշատությունը հետևանքն էր հակապետական, հակաքոչարյանական, հակաղարաբաղյան ներքին քարոզչության, որը 20 տարի  իրականցվեց մեթոդաբար, ուղղակի և անուղղակի ձևերով։ Ներելի չէ, բայց գոնե բացատրելի է՝    մարդիկ կարող են խայծը կուլ տված լինել, կարող են ժամանակի ընթացքում սթափվել, կամ չկարողանալով հաշտվել իրենց ստորաբար խաբված լինելու հետ՝ համառել իրենց սխալում։    Մարդկայնորեն դա հասկանալի է։

Բայց  ի՞նչ անուն տաս այն մարդկանց, ովքեր 44-օրյա պատերազմը և դրանում նիկոլյան վարչախմբի սատանայական դերակատարությունը տեսնելուց հետո դեռ հավատում են նրան։ Ստիպողաբար կամ կամավոր հանդիպումների են գնում, աղուհացով դիմավորում են կամ հյուրընկալում են իրենց երեխաներին սպանած հրեշին, ծափահարում են նրա անվերջանալի դատարկաբանություններին։ Ընդ որում, հաշվի չենք առնում կոմուֆլյաժ հագած ստահակներին կամ «փրկչին» պաշտող կնիկներին․սրանք  պարզապես հիվանդությանն ուղեկցող երևույթներ են, և ջրերը պարզվելուն պես դարձյալ կսկվեն իրենց բնակության վայրում՝ հատակում։

Իրական պրոբլեմը պատեհապաշտ պաշտոնյաններն են, աղանդավորներն ու ընտրություններում կոպեկ փախցնող «շուստրիները»։ Արտահերթ ընտրությունների օրը դեռևս օրինականորեն հաստատված չէ, այն պարզապես միանձնյա հայտարարել է աշխարհի ամենասուտասան ղեկավարը, և ինչ ասես կարող է պատահել այդ ժամանակահատվածում։ Բայց տեսեք, թե ինչ նախընտրական եռուզեռ է հատկապես իշխանական թևում՝ ցուցակներում հայտնվելու համար։ Գտավ էլի Նիկոլը իր անձը կարևորելու հերթական հնարքը՝ ծառայեք ինձ անվերապահ, և փողի ու պաշտոնի տեր կդառնաք։ Իսկ այս երեք տարիները ցույց տվեցին, որ միայն ստրկական ենթակայությունն է գնահատվում գերագույն ստահակի կողմից։

Այս երեք տարիները ցույց տվեցին նաև, որ մեր մեծագույն ողբերգությունը ոչ թե մեկ սրիկայի առաջխաղացումն է, այլ սեփական շահի համար նրա ստոր հրամաններին ենթարկվող պաշտոնյաների առատությունը։ Չենթարկվեին Նիկոլին կոնկրետ ոլորտների մասնագետները, դատախազներն ու ԱԱԾ-ն, բանակի ղեկավարությունը, անգամ ՀՀ նախագահը, ԱԺ սեփականաշնորհած պատգամավորների մասին չենք էլ խոսում՝ ապա այսքան հեշտությամբ չէր քանդվի մի հրաշալի երկիր, չէր նահատակվի մի պայծառ սերունդ, ողբով չէին շարունակի իրենց կյանքը որդեկորույս մայրերը․․․

Ոչ մի  երաշխիք չունենք, որ եթե այս դահիճներն իրենց արժանի պատիժ չստանան, հաջորդներն ավելի արնախում չեն լինի։ Հաջողվեց չէ սորոսականներին ու գործակալներին առաջ տանել իրենց ազգակործան ծրագրերը, որոնք դեռ ավարտված չեն։ Պատժվե՞ց որևէ մեկը մեր մշակույթն ու կրթությունը ապականելու համար։ Իհարկե ոչ։ Դեռ քանդելու բաներ կան, դեռ Հայաստանի թուրքացման ծրագիրը կա, դեռ հայաջնջման նպատակը կա։ Ու դրան նպաստում են փողին մեռած աշխարահաքաղաքացիները, որոնց համար գոյություն չունեն ազգ ու հայրենիք հասկացությունները։

Եթե սրանք կոնկրետ շահ ունեն կոնկրետ ծառայությունների դիմաց, ապա ինչ ակնկալիքներ պետք է ունենան հասարակ մարդիկ նիկոլյան վերարտադրումից, եթե մի քանի հազար դրամ փախցնելու համար ընտրեն նրան։ Մասնաբաժի՞ն են ունենալու Խաչատուր Սուքիասյանի կամ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներից, թե՞ տարիներ անց թուրքերը նրանց խնայելու են որպես հայանվաճմանը նպաստած շերտի։ Իհարկե ոչ։ Օլիգարխը վերջին կոպեկն էլ կքերի, իսկ թուրքի համար բոլոր հայերը մեկ են՝ թշնամի։ Այդ մեր մեջ են շատացել թրքասերները նաև այն պատճառով, որ իշխանական կառույցներն արդեն անթաքույց թրքամետ քարոզ են տանում։ 

Չկա Հայաստանի գոյության հեռանակար այս իշխանության և նրա մաս կազմածների հետ։

Պետք է ազատվել նիկոլից ու իր մետաստազներից։ Ախր այնքան ակնհայտ է, որ  եթե Նիկոլն ինչ-որ հրաշքով մնաց իշխանության և հավաքեց ավելի ապազգային թիմ՝ լինելու են ավելի մեծ    արհավիրքներ, նոր պատերազմ, սով ու ավերածություններ։ Այսօր է պետք դա կանխել։ Այո, թուլացել ենք անթույլատրելիության աստիճան, հոգնեցրել են մեզ նիկոլյան ոհմակի անվերջանալի ստերն ու ինտրիգները, հուսահատեցրել են մեզ կորոնավիրուսն ու պատերազմը, բայց մեծ կռիվը դեռ չի ավարտվել, և պետք է բացառել մեկ անգամ թույլ տված հիմարության կրկնությունը։

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ