01 04 2021

Երկուսն էլ ծափերի արժանացան, մեկը ձախողելու, մյուսը՝ Բայրաքթար արտադրելու համար

Երկուսն էլ ծափերի արժանացան, մեկը ձախողելու, մյուսը՝ Բայրաքթար արտադրելու համար

Այսօր՝ ապրիլի 1-ին, երկու ուշագրավ բան տեղի ունեցավ, մեկը Հայաստանում, մյուսը՝ Ադրբեջանում։

Հայաստանում Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության աշխատակիցները ծափահարություններով հրաժեշտ տվեցին նախարարի պաշտոնից ազատված Հակոբ Արշակյանին։

Հակոբ Արշակյանը եկել էր ՏՏ ոլորտը զարգացնելու, բարձր տեխնոլոգիական լուծումներով զենքեր արտադրելու համար, որոնց շնորհիվ Հայաստանը կջախջախեր թշնամիներին, պատերազմ կհաղթեր։ Արշակյանը տեսանելի ոչինչ չարեց այս ուղղությամբ։ Նա, իհարկե, աչքի ընկավ, բայց բոլորովին ուրիշ հարցերում։ Հակոբ Արշակյանը մեր հիշողություններում կմնա երկու դրվագով․

  • Աբու Դաբիում անցկացված «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին զենքերի փոխարեն ուղարկեց բուկլետ՝ խայտառակելով մեր երկիրը։
  • Ծեծի ենթարկեց սրճարանում իրեն հարց տված լրագրողին։

Եվ ուշագրավ է, որ հրաժարական տվեց ոչ թե այս երկու խայտառակություններից որևէ մեկի պատճառով, այլ՝ բոլորովին այլ։

Օրվա մյուս ուշագրավ իրադարձությունը տեղի ունեցավ Ադրբեջանում։ Իլհամ Ալիևը ընդունեց և «Ղարաբաղյան նշան» մեդալով  պարգևատրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, որը «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրենն է։ Այս ընկերության ստեղծած բայրաքթարերը անգնահատելի դեր ունեցան ղարաբաղյան վերջին պատերազմում և նաև նրանց օգնությամբ Ադրբեջանի համար ելք որոշվեց։

Հայաստանում Հակոբ Արշակյանին էր վստահվել հայկական Բայրաքթար ստեղծելու գործը, նա գերազանց կերպով տապալեց։ Էրդողանի փեսան հաջողեց։ Բայց երկուսն էլ արժանացան բարձր վերաբերմունքի, մեկը ծափերի, մյուսը՝ մեդալի։

Ալիևը, որ Բայրաքթար արտադրողին մեդալ է տալիս, հասկանում ենք, միգուցե մեդալ կտար նաև Արշակյանին՝ դրանցից չարտադրելու համար։ Բայց մենք՝ հայերս, ինչո՞ւ ենք ծափահարում Արշակյանին, այդպես էլ անհասկանալի մնաց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ