Արցախի Կարմիր Շուկա բնակավայրում նախատեսվում է կառուցել 150 տուն: Այս մասին հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում:
Համայնքապետի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմեր ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։
Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա, որովհետև, բացի աշխատատեղերից, այստեղ կա մանապարտեզ և նոր կառուցված դպրոց։
Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65–ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել:
Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն:
Համայնքում կա բուժկետ, սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ չկա:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը