ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից 8-ի ինքնությունը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել: Վերջիններիս բնակարաններից և օժանդակ կից շինություններից խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 15կգ թմրամիջոցներ և հոգեմետ դեղահաբեր։
Այսպես՝ Բյուրեղավան քաղաքի բնակչի կողմից 2020թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում քննությամբ դեռևս չպարզված անձից ու վայրից «Մեթանֆետամին» և «Բուբրենորֆին» տեսակի թմրամիջոցներ պարբերաբար ապօրինի ձեռք բերելու, անձամբ օգտագործելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բանվոր-ծառայողին իրացնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նոր հանցադրվագներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տարբեր քաղաքներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորման վերաբերյալ:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի հինգ բնակիչներ, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք քննությամբ դեռևս չպարզված անձից (անձանցից) իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, ովքեր իրենց հերթին ձեռք բերված թմրամիջոցները, մի խումբ անձանց օժանդակությամբ, խմբով, ապօրինի իրացրել են ՀՀ տարբեր քաղաքներում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով. որոշում է կայացվել՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին:
Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի չորս բնակիչները, ստանալով տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու վերաբերյալ առաջարկ, համաքաղաքացու ղեկավարմամբ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել յուրաքանչյուրի գործողությունները:
Պարզվել է, որ «Տելեգրամ» կայքի անհայտ օգտատերերից ձեռք բերված թմրամիջոցները նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են վերոհիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, նույն կայքի միջոցով անհայտ օգտատերերից ստանալով թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ և այդ կապակցությամբ տարբեր վճարային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկար, այն ուղարկել են խմբի անդամներից մեկին: Վերջինս ստուգելով այդ նպատակով իր անվամբ բացված հաշվեհամարը և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է խմբի մյուս անդամներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատները ուղարկել են թմրամիջոց ձեռք բերելու համար առաջարկություն կատարած անհայտ օգտատիրոջը, իսկ թմրամիջոցի իրացման դիմաց ստացված գումարները փոխանցել են հիշյալ օգտատերերի հաշվեհամարներին:
Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի անդամները կազմակերպված խմբի մեջ ներգրավել են այլ անդամների ևս՝ մշտապես թմրամիջոցի մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, որից հետո պարբերաբար ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի թմրամիջոցներ, որոնք նույն կերպ ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել խմբի անդամների միջև:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի անդամներից 7-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկին՝ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրյալներից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 2-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը հայտնաբերելու, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը