22 03 2021

Խաչատուր Սուքիասյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գիծը, իսկ ես կտրականապես դեմ եմ նրան. Նաիրի Հոխիկյան

Խաչատուր Սուքիասյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գիծը, իսկ ես կտրականապես դեմ եմ նրան. Նաիրի Հոխիկյան

Թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր և գործարար Խաչատուր Սուքիասյանի հանդիպմանը:

«Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն տարածեցին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է հրավիրել ինձ և, մեջբերում եմ հրապարակումից, «առաջարկ-պահանջ է ներկայացրել՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը»։

Տեղեկացնեմ, որ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում տարբեր քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչների, գործարարների ու պաշտոնյաների հետ, քննարկում եմ ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական հարցեր։

Այդ շրջանակում Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ նաև նրա հետ։ Խոսել ենք 2020-ի պատերազմի պատճառների ու հետևանքների, տարածաշրջանային մարտահրավերների, մեր պետությանը սպառնացող վտանգների, տնտեսական խնդիրների ու կառավարման արդյունավետության մասին։ Ես հստակ դեմ եմ արտահայտվել Թուրքիայի հետ սահմաններն այսօր բացելուն՝ դա համարելով աղետ մեր տնտեսության և կարճ ժամանակ անց՝ նաև պետականության համար։ Իմ տեսակետները մեծ մասամբ չեն համընկել Խաչատուր Սուքիասյանի դիրքորոշման հետ։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գիծը, իսկ ես կտրականապես դեմ եմ նրան։ Բնականաբար, խոսել ենք նաև այդ մասին, և ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին համարում եմ ձախողված գործիչ, որը պետք է հեռանա վարչապետի ղեկից՝ հանուն մեր պետականության պահպանման։ Խաչատուր Սուքիասյանն այլ կարծիքի էր։

Մեր զրույցի այլ մանրամասների մասին այս պահին նպատակահարմար չեմ գտնում խոսել, քանի որ դա եղել է անձնական խոսակցություն և հրապարակման ենթակա չէ։

Ինձ ուղղված սպառնալիք կամ պահանջ չի հնչել։ Գործարքի պայմանավորվածություն չի եղել։ Չէր էլ կարող լինել։ Ավելին՝ ես շարունակում եմ ՀՀ կառավարությանն ուղղված իմ փաստարկված քննադատությունը, պատերազմի մասին առանց փակագծերի հրապարակումները, նաև շարունակում եմ համարել, որ այսօր Ռուսաստանի հետ պետք է պահպանել և խորացնել ռազմավարական դաշնակցային կապերը։

Խաչատուր Սուքիասյանի հետ ունեցել եմ զրույց, բանավիճել եմ և հրաժեշտ տվել», - գրել է Հոխիկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ