NEWS.am-ը գրում է․
«Եթե այստեղ դատարանի որոշման կատարման խնդիր կա, ապա պաշտոնատար անձի կողմից դատական ակտը չկատարելը հանգեցնում է մինչեւ քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Վարչական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, եւ հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:
Այսօր էլ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել, թե Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
«Կառավարությունն ասել է՝ թքած ունենք դատական ակտի վրա։ Վարչական դատարանը ժամանակավորապես բավարարել է մեր հայցը, ասել է, որ չկա այդպիսի իրավահարաբերություն, որ կարող են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատել։ Դա նշանակում է, որ այն, ինչ եղել է Օնիկ Գասպարյանի հետ կապված, չէր կարող հանգեցնել պաշտոնից զրկմանը։ Արդյունքում՝ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել։ Դատարանն իր որոշման մեջ հստակ գրել է, որ այս հայցի ապահովումը կիրառում է նրա համար, որովհետեւ Գասպարյանն ունի 5 տարի անընդմեջ աշխատելու իրավունք, եթե հիմա հայցի ապահովում չկիրառի ու այդ ընթացքում ուրիշին նշանակեն, պարոն Գասպարյանի՝ 5 տարի անընդմեջ պաշտոնավարման խախտվելու է։ Կառավարության այդ մեկնաբանությունը աբսուրդի ժանրից է»,- նշեց փաստաբան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը շատ բան կարող է ասել, բայց եթե նույն հարցը մեկնաբանում է դատարանը եւ ասում՝ Սահմանադրությունից այդպիսի բան չի բխում, ուրեմն պիտի ենթարկվեն դատական ակտին. «Եթե Վարչական դատարանն էլ է Սահմանադրությունը մեկնաբանում եւ նշում, որ այնտեղից չի բխում, որ ինքն իրավունքի ուժով ազատված է, նշանակում է՝ պետք է հարգեք դատարանի ակտը։ Հստակ է, որ Կառավարությունն ինքը չի կարող կամայական որոշել»։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանն այսօր նույնպես գնացել է աշխատանքի։ Ըստ փաստաբանի՝ նա չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը