Միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան։
Երեկվանից լրատվամիջոցներում տարածվող այս տեղեկությունը եկավ հաստատելու այն բոլոր մտահոգությունները, որ ուներ հանրությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված և կառավարությանը փոխանցված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ։
Եվ թեև բազմաթիվ հարցումներին ի պատասխան հիմնադրամից ներկայացվում էր երկար-բարակ իրավական հիմնավորումներ, որոնք մեղմ ասած շատ վիճելի էին, և վերջում էլ որպես ամենալուրջ ալիբի ավելացնում էին, որ հրավիրվել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերություն՝ իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020թ.-ի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ, պարզվեց, որ աուդիտն էլ «մի փոքր» խնդիր է տեսել կառավարության հաշվետվության հետ կապված։ Եվ այդ «մի փոքր» խնդրի արդյունքում չի էլ ընդունել հաշվետվությունը։
Ավելին, այսօր Հիմնադրամը գումարելու է Հոգաբարձուների խորհրդի իր հերթական նիստը, որն անցկացվելու է օնլայն ռեժիմով, և որին ներկա չեն լինելու Հիմնադրամի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների ղեկավարները։ Այդ անձինք շատ զայրացած են կառավարությանը փոխանցած գումարի պատմությունից, քանի որ խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել էր հսկայական գումար փոխանցել ՀՀ պետբյուջե, այդ գործարքը ձևակերպել իբրև նվիրատվություն ՀՀ պետական բյուջեին, և այդ գումարը դարձնել սովորական բյուջետային ծախս։
Եվ որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի, Հիմնադրամում որոշել են այնպես կազմակերպել, որ այդ մարդիկ հնարավություն չունենան օգտվել նիստին մասնակցելու իրենց իրավունքից։ Իսկ օրակարգի գլխավոր հարցը, ըստ էության, փոքրիկ աճպարարությամբ կառավարությանը հատկացված, իսկ հետո բյուջեից առանձին դրվագներով վատնված, յուրացված գումարների խնդիրը իրենց վրայից գցելն է։
Եվ ոչինչ, որ ժամանակին բազմաթիվ իրավաբաններ զգուշացնում էին, որ հիմնադրամից պետբյուջե գումար փոխանցելը հակասում է և՛ «Հիմնադրամների մասին» օրենքի, և՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության կարգավորումներին։ Իսկ հիմա հիմնադրամը հայտնվել է լուրջ խնդրի առջև։ Ավելին, վտանգված է Հիմնադրամի ոչ միայն բարի համբավը, այլև ապագան։
Բայց ամեն ինչ միայն հակաիրավական փոխանցումով չի ավարտվում, մամուլում տարածվեցին բազմաթիվ տեղեկություններ Հիմնադրամին հանգանակած և կառավարությանը փոխանցված գումարների վատնման և անհետացման մասին։ Նախ աղմուկ բարձրացավ պատերազմի օրերին կառավարության կողմից հիմնադրամի գումարներով արված գնումների մասին, որոնք եղել են իրական գնից անհամեմատ բարձր։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է, որոնք ձեռք են բերվել յուրաքանչյուրը՝ 600 դոլարով, և որոնց մասին ո՛չ կառավարությունը, ո՛չ ՊՆ բացատրություն չներկայացրեցին։ Մամուլի հրապարակումների համաձայն պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել են 4 պետական պաշտոնյա՝ պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, կառավարության նախկին աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, և ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը։
Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, ըստ հրապարակումների գործել է կոռուպցիայի ևս մեկ մեխանիզմ, որի միջոցով իբր սաղավարտներ և զրահաբաճկոններ ձեռք բերելու համար կանխիկացվել է շուրջ տասը միլիոն դոլար գումար և մինչ օրս ո՛չ այդ ապրանքն են մատակարարել, ո՛չ այդ գումարը կա։
Եվ չկա նաև իրավապահների կողմից այս պատմությունների քննության վերաբերյալ որևէ տեղեկություն։ Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը այս գործով որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Հավանբար դեռ հրաման չունեն։ Միգուցե աուդիտի հետ կապված աղմուկից հետո ինչ-որ քայլեր կարվեն՝ ոմանց մեղավոր նշանակելու, ոմանց էլ փրկելու համար։
Կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններ անող իշխանությունը, ըստ էության, այսօր ինքն է խրվել կոռուպցիայի մեջ։ Ոմանք մանր ժուլիկների մնան թռցնում են ինչ կհասցնեն, մյուսները՝ ավելի մեծ ծավալի յուրացումներ են անում։ Ու թեև իրավապահներն այսօր ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, վաղը շատերը դատվելու են իրենց իսկ ստեղծած հակակոռուպցիոն դատարանի կողմից։ Ափսոս, մինչ այդ տուժում է պետությունը։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը