12 03 2021

Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն



Փետրվարի 19-ին' ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով' մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել էր տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չէր պայթել:


Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել հանցագործությունը կատարած անձնանց ինքնության վերաբերյալ։ Մարտի 12-ին՝ ժամը 10․10-ին, կասկածվողները հայտնաբերվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 51 և 39-ամյա տղամարդիկ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։

Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ