Հայկական կողմը հետաքրքրված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժի մեծացմամբ: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը մշտապես օրակարգում է եղել: Հայկական կողմը մշտապես հետաքրքրված է դրանում այն պարզ պատճառով, որ բազան՝ իր անձնակազմով, մտնում է Հայաստանի և Ռուսաստանի միավորված զինված ուժերի կազմի մեջ, հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ավտոմատ կերպով հանգեցնում է համատեղ ուժերի ներուժի մեծացմանը»,- նշել է նախարարը:
Հարությունյանի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ի կողմից, իհարկե, հաշվի են առնվել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր են արվել ռազմաբազայի ուժեղաման և վերազինման ուղղությամբ․ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ բնույթ է կրելու», - հավելել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը