04 02 2021

Արցախի Ազգային ժողովը քննարկել է պետբյուջեի նախագիծը

Արցախի Ազգային ժողովը քննարկել է պետբյուջեի նախագիծը

Արցախի Ազգային ժողովի փետրվարի 4-ին գումարված նիստում, որի ընթացքում քննարկվել է 2021-ի պետբյուջեի նախագիծը,  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցության նոր ղեկավարն է Գագիկ Բաղունցը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի հարցերին:

«Մինչ  «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը:

Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ  24 առաջարկություն՝ գրեթե 1 մլրդ 50 մլն  դրամ գումարային ծավալով:

Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության  կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման  սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը, բնակֆոնդի դեֆիցիտին և  այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց, որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին:

Հարակից զեկույցներ են ներկայացրել Ազգայն ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները:

Գլխադասային հանձնաժողովների նախագահները պատասխանեցին  պատգամավորների հնչեցրած հարցերին:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով  հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի՝ բյուջեի օրենքի նախագիծը կընդունվի փետրվարի 11-ին կայանալիք նիստում:

Օրակարգի 2-րդ հարցը Արցախի Հանրապետության  Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցն էր:

ԱԺ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի՝ Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջադրված թեկնածուի օգտին:

Պատգամավորական հարցերի և մտքերի փոխանակությունից հետո խորհրդարանն անցավ փակ գաղտնի քվեարկության: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց  ձայների 22 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները, ըստ որի Վահրամ Բաղդասարյանը ընտվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով:

Հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ նախագահը նիստը շարունակեց շնորհակալական խոսքով՝ ուղղված Ավստրալիայի «Հարավային Ավստրալիա» նահանգի  ստորին պալատի պատգամավորներին Արցախի Հանրապետութունը  ճանաչելու առիթով:

 Հարկային ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթին  անդրադարձավ ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը:  Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթին: Քվեարկության արդյունքներով օրենքների փաթեթներն  ընդունվեցին միաձայն:

Հարկային արտոնություններին առնչվող  օրենքների նախագծերի փաթեթը նույնպես  ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: Վերջինս նշեց , որ հարկային արտոնությունների  փաթեթում ներառել են գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկած փոփոխություններն ու լրացումները տեղահանված բնակիչների գույքահարկի և հողի հարկի մասով: Գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց փաթեթների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրած դրական եզրակացությունը և հանձնաժողովի առաջարկությունը ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համաձայն հարցի քննարկման 2-րդ ընթերցման ժամկետը մինչև ս.թ. փետրվարի 8-ը սահմանելու մասին: Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետի սահմանման մասին հարցին:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Վերջինս հավելեց, որ օրինագծում կներառվի նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը: Հարակից զեկուցմամբ հանդես եկած գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ:

Նիստը ամփոփվեց պատգամավոր Դավիթ Գալստյանի հայտարարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ