04 02 2021

Նիկոլն էլ իր սեփական Իբրահիմն ունի

Նիկոլն էլ իր սեփական Իբրահիմն ունի

Նիկոլ Փաշինյանը նախօրեին, ինչպես ասում են, դուրս էր եկել գյուղամեջ կամ ավելի շուտ՝ սոցիալական ցանցերից դուրս էր եկել մարդամեջ: Արարատի մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունից հետո շրջել էր Արտաշատ քաղաքում:

Նախկին այցելությունների պես այս այցը նախապես մի քանի անգամ չէր հայտարարվել, և ուղիղ եթերի ֆորմատից էլ անցում էր կատարվել մոնտաժված տեսանյութի տարբերակին: Ամենաթափանցիկ իշխանությունը հավանաբար Սյունիքի այցելությունից հետո որոշել է խուսափել գլխացավանքից և անցանկանալի իրականությունից:

Բայց վիրտուալ իրականությունը փորձել էին ապահովել նաև իրական կյանքում: Ֆիլտրված մարդիկ, ընտրված կադրեր, ցուցադրական խոսքեր: «Դու դավաճան չես, քեզ փորձում են այդպիսին սարքել, մեզ չթողնես, մենք մինչև վերջ հետդ ենք․․․» հիմնականում այս խոսքերն էին ասում Փաշինյանին:

Տելեգրամյան ալիքներից մեկը անդրադարձել էր այս հանդիպմանը՝ գրելով, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածաքային կառույցը յուրայինների է կենտրոնացրել, որոնք պատահական անցորդների անվան տակ տեսախցիկի առաջ հանդիպել են Փաշինյանին, ջերմ խոսքեր են ասել նրան։ Մինչդեռ «անցորդների» մեջ պատահական մարդ չի եղել, դրանք կամ կուսակցության անդամներ են, կամ էլ նրանց մտերիմները։

Բայց հետաքրքիր էր նաև այն, որ յուրայիններն էլ այնքան սակավաթիվ էին, որ միևնույն մարդուն մի քանի անգամ կարելի էր հանդիպել նույն՝ 4 րոպե տևող տեսանյութում:

Օրինակ նրանցից մեկը Փաշինյանին բարևում է, որպիսությունը հարցնում, մի փոքր ուշ նորից բարևում և հորդորում փակել «Արմնյուզ» հեռուստաալիքը: Իսկ ահա արագ սննդի աշխատակիցն էլ մեկ աշխատանքային միջավայրում բողոքում է, որ առևտուրը կրճատվել է, մեկ այլ տեղ բարևում Փաշինյանին, հետը քայլում: Ստացվում է, որ մոտ 20 հազար բնակիչ ունեցող քաղաքում տեղական արտադրության իբրահիմներին  է ապավինել բարձր վարկանիշի մասին խոսող իշխանությունը: (Իբրահիմը, հիշեցնենք, ադրբեջանցի «լրագրողն» էր, որը մե՛կ պատերազմական իրավիճակում հայտնվում էր որպես լրագրող, մեկ՝ գյուղապետ ու այսպես շարունակ)։

Որքան էլ շոուն հաջողված կամ տապալված լինի, բայց արդեն իրողություն է, Փաշինյանն այսուհետ կարողանալու է շրջել հանրության շրջանում միայն այդպես՝ գաղտնի, թիկնապահներով և իբրահիմներով շրջապատված, որոնք փորձելու են իմիտացիա ստեղծել, որ նա միակ ընդունելի վարչապետն է, ամենից ամենան և փրկիչը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ