ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի բնակչի կողմից իր հորաքրոջ բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված տղամարդն իր հորաքրոջ՝ գործով տուժողի բնակարանում բնակվելու ընթացքում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 650.000 ՀՀ դրամ և 700 ԱՄՆ դոլար գումարը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, իրավունք չունենալով մուտք գործել նշված բնակարանի այն ննջասենյակ, որտեղ պահվել են հորաքրոջ անձնական իրերը, 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել նշված սենյակ և հափշտակել խոշոր չափ հանդիսացող վերոհիշյալ գումարը:
Այնուհետև հափշտակված գումարների փոխարեն դրանց տեղում դրել է վճարման միջոց չհանդիսացող թվով 7 հատ հուշանվեր 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամ, ինչպես նաև՝ իր կողմից համակարգչի միջոցով տպված 4 հատ 10.000 և 12 հատ 20.000 ՀՀ դրամանոց կեղծ թղթադրամներ, որոնք հայտնաբերվել են նրա հորաքրոջ կողմից՝ հերթական անգամ բնակարանի՝ իր սենյակ գալու և այնտեղից իր կողմից դրված գումարներից վերցնելու ժամանակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը