01 01 2021

Անհրաժեշտ է ամրացնել մեր հավատքը, և դուրս գալ մեզ դեպի նահանջ առաջնորդող ներկա վիճակից. Արամ Ա կաթողիկոս



Բացվող նոր տարվա սեմին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով և  հայրապետական օրհնությամբ ողջունում ենք մեր ժողովրդի սիրելի զավակներին։ Այս մասին իր հայրապետական պատգամում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա վեհափառը։

 «Տագնապալից տարի էր 2020 թվականը համայն մարդկության եւ հատկապես մեր ժողովրդի համար։ Կորոնավիրուսին ու տնտեսական ճգնաժամին առընթեր, Արցախի պատերազմն իր պատճառած տարածքային կորստով ու ավերումով, զոհերով ու վիրաւվորներով խոր ցնցում առաջացրեց ամբողջ հայության կյանքում։ Վտանգվեց Արցախի անկախությունը, նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ահավոր վտանգներով եւ անկանխատեսելի հետեւանքներով լի ճգնաժամային այս կացության առջեւ ճիշտ չէ անտարբեր մնալը, ճիշտ չէ նաեւ հուսալքվելն ու ընկճվելը, հատկապես ճիշտ չէ պարտված լինելու հոգեվիճակին գերին դառնալը։ Արդ, անհրաժեշտ է անհատապես եւ ազգովի ամրացնել մեր հավատքը, ամրապնդել մեր հույսը, զորացնել մեր կամքը եւ դուրս գալ մեր ներուժը ջլատող ու մեզ դեպի նահանջ առաջնորդող ներկա անորոշ վիճակից։ Հայաստանում ու Արցախում անհրաժեշտ է հեռու մնալ ներքին բեւեռացումներ ծավալող ու անկայունությունը խորացնող քայլերից եւ վերանորոգ հավատքով ու հույսով շաղախված նոր էջ բացել մեր հավաքական կյանքում։ Սա՛ է այս պահի հրամայականը։ Արդարեւ, Արցախում տեղի ունեցածը չի կարելի մոռացության փոշու տակ ծածկված պահել ու շարունակել մեր կյանքի բնական ընթացքը։ Մեր ժողովուրդը հաշվետվություն է պահանջում։

 Հայրենիքի տերը անձերից ու իշխանություններից առաջ ու վեր ժողովո՛ւրդն է. նրա ճակատագիրը, ներկան ու ապագան որոշողը նույնպես ժողովո՛ւրդն է։ Հետեւաբար, մեր ժողովուրդը մերժում է ներսից, թե դրսից պարտադրված որեւէ որոշում կամ համաձայնագիր, որը վտանգում է իր գոյության ու ինքնության հիմքերը, իր հայրենիքի անկախությունը։ Մեր սրբերի աղոթքով ու նահատակների արյունով թրծված Արցախի ու Հայաստանի հողերը, մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը չեն կարող քաղաքական սակարկության եւ աշխարհաքաղաքական շահերի զոհը դառնալ։ Ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը իր վերանկախացած հայրենիքով, իր վիրավոր, բայց կանգուն Արցախով, իր հզոր Սփյուռքով «ո՛չ» է ասում պարտվողականությանն ու հուսահատությանը։ Մենք հաղթանակի ժողովուրդ ենք. մենք Քրիստոսի հավատքով զորացած, խաչով հարություն կերտած ու կերտող ժողովուրդ ենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ