31 12 2020

Գարեգին Բ-ն այցելել է տեղահանված արցախցիներին, վիրավոր զինծառայողներին, նաև մարտական դիրքեր

Գարեգին Բ-ն այցելել է տեղահանված արցախցիներին, վիրավոր զինծառայողներին, նաև մարտական դիրքեր

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։

Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։

Նորին Սրբությունը զրուցեց արցախցի ընտանիքների հետ՝ տեղեկանալով ապագայի վերաբերյալ նրանց ծրագրերին, ապա սուրբծննդյան նվերներ բաշխեց տարեցներին և երեխաներին։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորականներին։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն այցելեց բոլոր հիվանդասենյակները՝ իր աղոթքը կատարելով հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքում վիրավորված քաջորդիների համար և հետաքրքրվելով նրանց ապաքինման ընթացքով, առկա կարիքներով։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր։

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց սահմանապահ զինվորականներին՝ մեծապես արժևորելով հայ զինվորի ու հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։

Ջերմ զրույցի ընթացքում Վեհափառն ընդգծեց, որ Հայոց բանակը եղել և մնում է հիմնական երաշխավորը անկախ պետականության պահպանության և հայրենաբնակ մեր ժողովրդի պաշտպանության։

Նորին Սրբությունը հաստատեց, որ արցախյան պատերազմում հայրենյաց պաշտպանների դրսևորած արի ոգին, նախանձախնդրությունը, անձնազոհ և եղբայրասեր կերպարը միայն հպարտության զգացումով են լցնում իր հոգին։ Վեհափառը նաև աղոթքով հիշեց նրանց ծառայակից նահատակ եղբայրներին և այլևս պատմության մեջ արձանագրված նրանց սխրանքները, որոնք ուժ պիտի տան համայն մեր ժողովրդին կերտելու հայրենիքի նոր լուսավոր օրը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սրբապատկերներ ընծայելով զինվորներին, անփորձանք և ապահով ծառայություն մաղթեց ամենքին՝ նշելով, որ մեր զինականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ